Անձամբ վարչապետին չեմ մեղադրում, բայց որ իմանայի այս օր կգա, կմտածեի՝ միանամ, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

«Որևէ մեկի ներողամտության կարիքը չունեմ։ Եթե չեն համընկնում մեր մոտեցումները, պետք չէ մնալ, որ ոչ խանգարես ընդհանուրին, ոչ էլ նրանք քեզ խանգարեն». անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալուն՝ ասել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա երկրում ստեղծված իրավիճակի ողջ մեղավորությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին չի դնում, չի ափսոսում, որ ժամանակին հավատացել ու միացել է թիմին, բայց նկատում է՝ եթե իմանար, որ այս օրը գալու է, մեկ անգամ ևս կմտածեր՝ միանա՞լ, թե՞ ոչ։

Հովսեփյանը համարում է, որ ավելորդ է միևնույն «կաթսայում եփվելը», եթե խանգարում են հրատապ հարցերի լուծմանը կամ անտարբերություն են ցուցաբերում։ Նա նաև համակարծիք չէ մեկնաբանությունների հետ, թե իմքայլական շատ պատգամավորներ սեփական արժանիքների համար չեն հայտնվել խորհրդարանում՝ նկատելով․

«Եթե արժանիքները չեն գնահատել ու ուղղակի մարդիկ են բերել-լցրել, ո՞ւմ կյանքի ու ճակատագրերի հաշվին, այսինքն՝ պատահական մարդկանց բերել են, դարձրել պատգամավոր, որ մի ամբողջ ժողովրդի հարցե՞ր լուծեն։ Ես պատահական մարդ չեմ եղել»,- ասել է նա։

Խոսելով խորհրդարանը ցրելու համար իմքայլականների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին՝ պատգամավորն ասել է, որ կաջակցի, եթե վստահություն ունենա, որ այն լուծման իրավական ու ճիշտ ճանապարհ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ