Հօգուտ Ծառուկյանի բիզնեսի որոշում կայացվեց․ստվերային համագործակցություն կլինի՞․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News  

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում ցեմենտի ներկրումը 6 ամսով արգելեց։ Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու միտումով։

«Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում՝ տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը»,- նշված է հիմնավորման մեջ։

Ցեմենտի շուկայի գերիշխող խաղացողը «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի մեջ մտնող «Արարատցեմենտ»-ն է, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Վերջին տարիներին խթանվել է ցեմենտի ներկրումն Իրանից ու Վրաստանից, որը ոչ եկամտաբեր էր դարձնում «Արարատցեմենտ»-ի գործունեությունը։ Միայն 2018-ին 181 հազար տոննա ցեմենտ էր ներկրվել։ Ծառուկյանը պահանջում էր դեռ 2019-ին սահմանափակել ցեմենտի ներկրումը։

2019-ին տեղական արտադրողին պաշտպանելու համար ԱԺ քննարկումների արդյունքում որոշվեց 22 հազար դրամ տուրք սահմանել ներմուծման համար, սակայն փոփոխությունը կգործի մեկ տարի։ «Իմ քայլը» հայտարարեց, որ ցեմենտի ներկրման մաքսատուրքի բարձրացումը ժամանակավոր է՝ մինչեւ հասկանան, թե ինչ քայլեր են պետք տեղական արտադրության մրցունակության հիմնարար լուծումների համար: Ու թեեւ հետպատերազմական շրջանում ակնհայտորեն սառել են Նիկոլ Փաշինյան-Ծառուկյան հարաբերությունները, ընդդիմադիր առաջնորդի բիզնեսին ուղղված որոշում է կայացվում, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք կամ բարի կամքի ժեստ լինել՝ ԲՀԿ-ի բարեհաճությունը ստանալու համար։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը մեզ բացատրեց՝ քանի որ 2020-ի վերջին լրացավ ցեմենտի՝ առանց մաքսատուրքի ներկրման ժամկետը, իսկ ԲՀԿ-ականներն էլ չմասնակցեցին հանձնաժողովի քննարկմանը, հավանաբար, կառավարությունը հերթական ժամանակավոր լուծումն է գտել՝ կրկին հօգուտ տեղական արտադրողի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ