Մի՛ արեք այնպես, որ, աստված մի՛ արասցե, տեղի ունենա վատթարը՝ վենդետան. նամակ՝ «Իմ քայլ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Նամակը՝ ստորև.

«Հարգելի՛ պատգամավորներ, չեք վիճարկի՝ այսօր Հայաստան աշխարհը, Արցախը՝ ներառյալ, ճակատագրական, բախտորոշ ճամփաբաժնին է՝ անդամահատված, արնածոր, խփված ու պառակտված վիճակում։ Գիտակցու՞մ եք դուք սա, թե՝ ոչ, լիովին պատկերացնու՞մ եք ստեղծված իրավիճակի բոլոր հետևանքները, հասկանու՞մ եք, որ մեր հինավուրց Հայրենիքը, ինչպես հարյուր տարի առաջ, վերստին դրված է գերտերությունների աշխարհաքաղաքական շահաբաշխումների զոհասեղանին, պատկերացնու՞մ եք, որ այս մարտահրավերը բոլորինս է՝ ո՛ղջ հայությանը։ Թե՞ մտածում եք՝ այս անգամ էլ, կոճակները սեղմելով, այդպես հեշտ ու հանգիստ օձիքներդ կազատեք ու կխուսափեք պատասխանատվությունից՝ ամեն ինչ բարդելով վարչապետի վրա։ Չէ՞ որ նա հայտարարում է, որ այս ամենի ողջ պատասխանատուն ինքն է։ Իսկ եթե հանկարծ այլևայլ հիմնավորումներով պարզվի, որ նա … ընդհանրապես պատասխանտու չէ (…չի էլ եղել), ի՞նչ եք անելու։

Ուրեմն հիշե՛ք, սա ֆուտբոլի խաղ չէ, երբ մարզիչը կամ ինչ-որ մարզիկ պարտությունից հետո հայտարարի, թե ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա ու ամեն ինչ անցնի-գնա, սա գոյության, եթե կուզեք՝ գոյութենական կռիվ է, որտեղ բառի բուն իմաստով դրված է մեր ու մեր պետության լինել-չլինելու հարցը։ Ու այս անգամ ձեր սեղանին դրվելու է «Խաղաղության պայմանագիր» կոչվող հայոց պետականության «սև թուղթը», որի նախատիպը արդեն ստորագրել է ձեր ղեկավարը՝ ձեզանից թաքուն։ Բայց, ինչպես դասականը կասեր, եկել է լրջանալու ու նաև՝ որոշում կայացնելու պահը՝ հատկապես Ձե՛զ համար։

Այնինչ, Ձեզ ուղղված էլի շա՜տ հարցեր կան։ Դուք համարում եք դեպքերի ներկա ընթացքն ու ահագնացող զարգացումները նորմա՞լ, երբ Հայաստան երկիրն ու Արցախ աշխարհը բառացիորեն ժամ առ ժամ հայթափվում ու հայրենազրկվում են, մեր տարածքները Շագրենի կաշվի նման՝ նեղանում։ Դուք Ձեզ պատասխանատու համարու՞մ եք տեղի ունեցածի/ունեցողի համար, թե՞ ոչ։ Վերջապես, Դուք ինչպե՞ս եք վերաբերում ձեր ղեկավարին ուղղված այն հրեշավոր մեղադրանքներին (հայրենի հողը բանագնացների միջոցով սակարկելու և 5 միլիարդով ծախելու, հայտնի հայտարարության ստորագրմամբ՝ դավաճանելու, ամբողջ պատերազմի ընթացքում միտումնավոր կեղծ տեղեկատվություն տարածելու և հանրության զգոնությունը բթացնելու, պաշտպանության բանակի համալրումն ու զորահավաքը միտումնավոր խափանելու, անհիմն հրամաններ արձակելու ու առանց կրակոցի տարածքները հանձնելու ու մեր հազարավոր անմեղ զինվորներին զոհ տալու, զենքի ու (ոչ միայն) զինամթերքի (այդ թվում՝ խոտանված) գնումների կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու և այլն), որ այսօր հնչեցվում են այս ու այն կողմից, նույնիսկ այն ճամբարից, որի վերին հովանավորները իրենք են տասնամյակներ շարունակ թալանել, կեղեքել, ուժազրկել մեր երկիրը, կազմալուծել ու կոռումպացրել պետական ու քաղաքական ինստուտները (առաջին հերթին՝ ընտրական համակարգը), մարգինալացրել բանակը՝ այն դարձնելով բացառապես աղքատ ընտանիքների «ճիտին պարտքը», գռփել են զինվորի զենքի ու հացի համար նախատեսված միլիարդները, անհամարժեք զինելով բանակը՝ ժողովրդին թողել անզեն ու անպաշտպան թշնամի պետություններներին ու արյունարբու բորենիներին դեմ հանդիման։

Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու՞ այսօր Ձեր ղեկավարն է որակվում որպես դավաճան, այն դեպքում, երբ հրապարակներում կոկորդ պատռողների թիկունքում ծվարած հանցագործ-մաֆիոզները հենց ակնհայտ դավաճաններն են՝ իրենց տասնամյակների ղեկավարման ողջ «մշակույթով», անպարագիծ թալանով, գողապետի ապրելակերպով, անթիվ-անհամար սև ու մութ գործերով։

Հարգելի՛ պատգամավորներ,

հավատացե՛ք, Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր բանական ու տրամաբանող քաղաքացի այսօր շատ լավ հասկանում են, թե ինչն-ինչոց է։ Մենք արդեն անցել ենք այդ ամենի միջով տակավին 1997-1999 թվականներին. այն ժամանակ էլ նույն «թավշյա» հեղաշրջումն էր, երբ ուժայինների ճնշման տակ հեռացվեց ոչ լեգիտիմ, կառավարման ղեկը կորցրած, քիրվայական հովերով տարված ու դեգրադացված նախագահը, փլուզվեց խորհրդարանը, որին հաջորդեցին բոլոր առումներով խայտառակ նախագահական ընտրություններ, շատ չանցած եղան Ազգային ժողովի ընտրությունները, որոնց լեգիտիմ արդյունքները, սակայն, 1999-ի հոկտեմբերի 27-ին չեզոքացվեցին անմեղների արյամբ՝ Նաիրի Հունանյանի բանդայի ճակատագրական կրակոցներով։ Իսկ դրան հաջորդած երկու տասնամյակը Հայաստանում և Արցախում քրեաօլիգարխիայի ծաղկման, անզուսպ թալանի, համակարգային կոռուպցիայի (ըստ իրենց իսկ մի գաղտնի զեկույցի եզրակացության՝ պետության «ինստիտուցիոնալ փլուզման») ու մեր երկու պետությունների ուժազրկման խայտառակ պատմությունն է։

Ահա հենց այս ամենի պարագլուխների ու կազմակերպիչների «հովանու տակ» են այսօր փողոցում որտեղից-որտեղ «արժանապատվությամբ» տոգորված «Հայրենիքը փրկողները» գրոհում խորհրդարանի ու կառավարության շենքերի վրա։ Ձեզ չի՞ թվացել, որ այ հենց ա՛յդ մարդիկ էին 2018-ի թավշյա իշխանափոխանցման ստվերային (ուղղակի թե անուղղակի) ուղղորդողները, որպեսզի ժողովրդի քվեով Ձեզ բերեն իշխանության, հենց Ձե՛ր ձեռքով ու մեր հազարավոր անմեղ զավակների արյան գնով հանձնեն Արցախը, ու հետո, ուժով Ձեզ դեն նետելով՝ նորից ետ վերադառնան իշխանության՝ շարունակելու իրենց սև գործը՝ արդեն կործանելով հայոց պետականությունը։ Այս կապակցությամբ հարցեր չունե՞ք Ձեր ղեկավարին առ այն, թե հնարավոր այսօրինակ գործերում նախկինների հետ ինչ տիպի գործարքի մեջ է եղել, կամ՝ եղե՞լ է, արդյոք, թե ոչ։

Եթե այդպես չէ, ապա ինչու՞ երկրում երկուսուկես տարվա ընթացքում սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, կամ փոխվել է՝ դեպի ավելի վատը։ Այո,՛ այո՛։ Այն խոստումները, որ դուք տվել եք, կապված պետության, երկրի անվտանգության և ինքնակազմակերպման բնույթի, տնտեսության, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների, միլիարդների թալանը արագ ետ բերելու և էլի շատ ու շատ հարցերում սկզբունքորեն ոչինչ չի փոխվել։ Ինչու, օրինակ, բացարձակ քվե ստանալուց հետո չփոխեցիք Սերժ Սարգսյանի հագով «կարված», սուլթանատ (սուպերվարչապետության մասին է խոսքը) հիշեցնող սահմանադրությունը ու երկիրը չփոխադրեցիք ողջամիտ սահմանադրականության, հաշվետվողականության և պատասխանատվության տիրույթ, չստեղծեցիք իրական հակակշիռներ ու զսպումներ միապետին ու ինքնակալ-բռնակալին վայել լիազորություններով վարչապետին, ինչը վստահաբար կկանխեր մոտալուտ արհավիրքը։

Շատերը այսօր հակված են մտածելու, որ «ԵԼՔ», «ՔՊ», «Մերժիր Սերժին» և այլ նմանատիպ նախագծերը հենց այն արտաքին ու ներքին սև ուժերի ուղղորդմամբ հունավորված ու միջանցքները բացված ծրագրերն էին, որոնք սիրում են շախմատային բարդ կոմբինացիաներ մշակել, ու հասկանալի է, հաշվի առնելով իրենց ծագումնաբանությունը, հայտնի աշխարհաքաղաքական կենտրոնների ու իրենց կուրատորների հետ համաձայնեցնելով, իրականացնել

։ Խոսքը առաջին հերթին հենց ա՛յս ձևով, երկրի ու հայության ողնաշարը ջարդելով, պայմանավորված պատերազմով՝ Արցախը հանձնելու մասին է։ Այդպես է դա, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնք ամենևին հռետորական չեն ու որոնք շուտափույթ պատասխաններ պիտի ստանան։

Այդուհանդերձ, երբ Ձեր ղեկավարը իրեն ուղղված բազմաթիվ մեղադրանքներին ու հրաժարականի պահանջին հակադարձում է, թե՝ հրաժարական կտա «միայն ժողովրդի կամաարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա», Ձեզ չի՞ թվում, թե այդ խնդիրը ու որոշում կայացնելու պարտականությունը հենց Ձե՛զ է հասցեագրված, քանի որ «ժողովրդի կամաարտահայտություն» ասվածը մարմնացած է հենց Ձե՛ր մանդատներում ու խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը հենց Ձե՛ր վրա է։ Թե՞ մտածում եք, մանդատը միայն անձեռնմխելիություն է՝ զրո պատասխանատվությամբ, բարձր աշխատավարձ ու հավելավճար, իմաստալից, իսկ ավելի հաճախ՝ անիմաստ ճառասացություններ բարձր ամբիոնից։ Ժամանակները սակայն այլ են, եկել է Ձեր քայլը անելու ժամանակը։ Ձեզ չի մտահովում այն, որ օր-օրի սեղմվում է ռեպրեսիաների օղակը ուժային կառույցների կողմից ու փողոցում ձայն բարձրացնող յուրաքանչյուրի նկատմամբ կարող են քրեական գործեր կարվել, նույնիսկ պատերազմի ընթացքում որդի կորցրած ու ոչ մի կերպ նույնիսկ նրա մասունքները չգտնող ու բողոքող ծնողի դեմ։

Իմացեք, Դու՛ք եք ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատուն, որպես երկրի առաջնային մանդատ ունեցող իշխանության միակ մարմին։ Ու երևի կարիք չկա ձեզ հիշեցնել այն տեքստը, որը արտասանեցիք, երբ ստանում էիք այժմ արդեն, կարելի է ասել, այդ չարաբաստիկ մանդատները։ Հիշե՛ք, դրանք սոսկ Ամանորի տոնածառի մոտ արտասանած մի քանի նախադասություններ չէին, այլ խոսքեր, որոնք բացի քաղաքական և բարոյական պատասխանատվությունից, հատկապես այս դեպքում, նաև՝ քրեաիրավական պատասխանատվություն են ենթադրում՝ ծանրագույն հետևանքներով հանդերձ։ Ես չէ, որ այս ամենը Ձեզ պետք է բացատրեմ, Ձեր շարքերում լուրջ իրավաբաններ կան։ Ի վերջո, վարչապետի ասած՝ «ժողովրդի կամաարտահայտման հավաստի արդյունքներ» բառակապակցությունը կոնկրետ անվանում ունի՝ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ։

Եվ ուրեմն՝ առաջարկս։ Ձեզ համար միակ ողջամիտ ելքը հետևյալ քայլն է.

Դուք պետք է դու՛րս գաք «Իմ քայլը» խմբակցությունից՝ առանց մանդատը վայր դնելու և քվեարկեք գործող վարչապետի պաշտոնանկության առաջարկի օգտին, որն անում է խորհրդարանական ընդդիմությունը։ Դրանով հնարավորություն կտաք քննել ու ստանալ մեր ժողովրդի բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները, առաջին հերթին ձեր ստեղծած քննիչ ու փաստահավաք հանձնաժողովում։ Դրանով նաև հնարավորություն տվեք իրավապահ մարմիններին (հնարավոր է՝ զինվորական տրիբունալին)՝ ազատ ու անկաշկանդ քննելու ու պարզելու կատարված ու դեռևս շարունակվող ողբերգության հետ կապված բոլոր հարցերն ու հանգամանքները։ Դա նաև կլիցքաթափի փողոցը։ Եթե վարչապետը անմեղ է՝ խնդիր չկա, թող շարունակի պաշտոնավարել մինչև ժամկետի վերջը։ Բայց դա միմիայն անկաշկանդ քննությունը կարող է պարզել։

Ես չեմ կարծում, թե փողոցում միտինգ ու երթ անողները կարող են ինչ-որ մեկին «դավաճան» կարգելով՝ տապալել լեգիտիմ իշխանությունը, որի, մարմնացումը, կրկնում եմ, Դու՛ք եք, իսկ վարչապետն ու կառավարությունը սոսկ ձեզանից ածանցյալ մարմիններ են։ Միայն քննությունը պետք է որոշի, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ, ով է դավաճանը, ով՝ ոչ։ Միևնույն ժամանակ Դուք պետք է նոր, ժամանակավոր վարչապետ ընտրեք ձեր շարքերից առավել արժանիին կամ դրսից այլ մեկին, ձևավորեք ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ու հայտարարեք 5-6 ամսվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետ (օր) կամ հենց հիմա նախաձեռնել ու անցկացնել վստահության հանրաքվե, եթե իհարկե համոզված եք՝ թե կստանաք այդ քվեն։

Այլ ելք չկա, դա է մեր ժողովրդի մեծամասնության պահանջը։ Համոզված եմ՝ դա նաև Ձեր փրկությունը կլինի։ Քանզի այլընտրանքը քաղաքացիական պատերազմն ու բախումներն են, քանի որ, ինչպես երևում է, այդ սցենարը ակտիվորեն հրահրվում է թե՛ ներսի ու թե դրսի՛ նույն շահառուների կողմից։ Այլընտրանքը, մեծ հաշվով, հերթական հեղաշրջումն է՝ նախկին արյունբերան մաֆիոզների կողմից, որոնց հերթական հայտնությունից, հավատացեք, երկրից ու պետականությունից ոչինչ չի մնա։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ։ Մինչդեռ, նրանց նպատակը իրենց բազմամիլիարդ գողոնն ու կաշին փրկելն է՝ ոչ ավելին։ Մյուս կողմից, պատերազմի արհավիրքով անցած մեր ժողովրդի մեծամասնությունը նրանց թպրտալու ուղղակի հնարավորություն չի տա, բայց դա կարող է շատ թանկ նստել երկրի վրա։ Մի թույլ տվեք, որ հերթական անգամ Երևանի փողոցները դառնան արյունալի ճակատամարտերի ու բախումների թատերաբեմ, դրանից ոչ ոք չի շահի։

Կույր պետք է լինել, նաև չտեսնելու համար, որ ուժազրկված մեր Երկիրը վերստին կանգած է արտաքին նոր փորձությունների շեմին։ Արե՛ք Ձեր քայլը հնարավորինս արագ, հենց հիմա, հետո ուշ կլինի։ Մի՛ արեք այնպես, որ, աստված մի՛ արասցե, տեղի ունենա վատթարը՝ վենդետան, երբ պատերազմում իրենց անմեղ զավակներին կորցած հազարավոր մարդկանց ցասումն ու վրեժը նաև Ձեր ու Ձեր ընտանիքների վրա պարպվի։ Դա կլինի Հայաստան պետության, հայոց պետականության վերջը։ Արե՛ք դա նաև հանուն Ձեր ընտանիքների ու Ձեր զավակների ապագայի»։

--00—ԼՄ