ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրեց․ հարցը կքննարկվի հաջորդ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News

Հունվարի 29-ին ԵՊՀ-ում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր:

ՀԽ նախագահի պաշտոնում առաջադրվել էր երկու թեկնածու, Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: ՀԽ 32 անդամներից քվեարկությանը մասնակցեցին 29-ը հոգի։ Հայկազ Նավասարդյանը ստացավ 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 քվե։ ՀԽ նախագահի պաշտոնը ստանձնելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր առնվազն 17 քվե։ Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվեց հաջորդ նիստի օրակարգ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գևորգ Մուրադյանն ազատման դիմում էր գրել և ներկայացրել ՀՀ կառավարություն։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրաժարականի պատճառն այն էր, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն ինքն է դիմում գրել։

--0--ԿԿ