Միտումնավոր կատարվում է խեղաթյուրում, և դատախազին վերագրվում են մտացածին մտքեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վահան Բադասյանին կալանավորելու որպես  հիմք ներկայացվող բնակության մշտական վայր չունենալու հանգամանքին եւ գրել է.

«Առանձին փաստաբանների կողմից իրականության ակնհայտ խեղաթյուրմամբ արված հայտարարությունների արդյունքում լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տիրաժավորվում է այն ապատեղեկատվությունը, թե ՀՀ քր օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կազմելիս և դատարանում ներկայացնելիս դատախազի կողմից որպես հիմք է ներկայացվել նաև Վ․ Բադասյանի մշտական բնակության վայր չունենալու հանգամանքը։ Որպես հետևանք, ըստ էության, դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու վերաբերյալ կայացված հիմնավոր որոշումը ստվերելու և նսեմացնելու նպատակով ծավալվել է նշված քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանի թիրախավորման, նրա բարի համբավն արատավորելու անբարո արշավ։

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգգծել հետևյալը։

Քրեական գործերով դատական նիստերին մասնակցող ցանկացած իրավաբան կամ փաստաբան գիտի, որ ինչպես մեղադրանքի որոշման, այնպես էլ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ միջնորդության մեջ, որպես անձի անհատականացնող տվյալներ, նշում է կատարվում նաև նրա բնակության և հաշվառման վայրերի վերաբերյալ, ինչի կապակցությամբ դատական նիստի ընթացքում դատավորը նաև տալիս է ճշտող հարցեր։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից Վ․ Բադասյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննության ժամանակ, դատարանի կողմից այդ կապակցությամբ մեղադրյալին ընդամենը տրվել են ճշտող հարցեր, ինչին ի պատասխան վերջինս պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունի և բանկվում է ազգականների տանը։

Այդքանից ավելին դատական նիստում նշված հանգամանքի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալվել, նիստին մասնակցող դատախազի կողմից այդ հանգամանքի վրա որևէ կոնտեքստում, որևէ հղում չի կատարվել, իսկ խափանման միջոց կալանքի հիմքերի քննարկման ժամանակ նրա կողմից այդ հանգամանքն առհասարակ որպես փաստարկ չի նշվել։

Նրանում, որ միտումնավոր կերպով կատարվում է իրողությունների պարզունակ խեղաթյուրման գործընթաց, և դատախազին վերագրվում են մտացածին մտքեր, ընդ որում՝ նաև այդ դատական նիստին չմասնակցած անձանց կողմից, կարելի է ընդամենը համոզվել դատական նիստի ձայնագրված արձանագրությանը ծանոթանալու արդյունքում։

Հետևաբար, ստիպված ենք վերստին կոռեկտության, մասնագիտական էթիկայի, բարոյական նորմերի տարրական կանոնները պահպանելու կոչ անել հատկապես իրավաբան այն գործընկերներին, որոնք կարող են իրենց թույլ տալ նման թեթևությամբ խաղալ գործընկերների անվան ու հեղինակության հետ և սուտն ու կեղծիքը դարձնել հանրային գործունեության գործիք, ինչը հարիր չէ մանավանդ իրավաբան գիտնականին, դասախոսին»։

--00--ԱՀ