Ինչպե՞ս ստեղծվեց Կոստան Զարյանի մասին ֆիլմը. պատմում է ֆիլմի սցենարիստը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

Ինչպե՞ս ստեղծվեց Կոստան Զարյանի մասին ֆիլմը: Սցենարիստ Նաիրա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը:

«Կոստան Զարյանն իր սքանչելի ստեղծագործությունը՝ «Սպանիան», գրել է 1934-ին։ Գրողը երազում էր իր այս գլուխգործոցը հրատարակված տեսնել առանձին գրքով, սակայն չտեսավ։ Նրա մահից 37 տարի անց միայն գիրքը տպագրվեց։

Զարյանի երազանքներում կա՞ր արդյոք իր գրական երկը իսպաներեն թարգմանված և տպագրված տեսնել.... չգիտեմ... միգուցե կար, սակայն, դա այն ժամանակ հաստատ անիրականանալի երազանքների շարքում պիտի եղած լիներ։

2012-ին «Սպանիան» թարգմանվեց իսպաներեն... դա իրականացվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ ու ջանքերով։

Այո՛, Տիգրան Սարգսյանն էր գտել թարգմանիչ Լուիզա Մունիս Կոնչեսոյին, փոխանցել նրան Զարյանի վեպը և խնդրել թարգմանել։ Այնուհետև գիրքը հրատարակվեց ու տպագրվեց Մշակույթի նախարարության աջակցությամբ, նախարար Հասմիկ Պողոսյանի հետևողական ու խիստ հսկողությամբ, «Արեդիտ» հրատարակչության ու դիզայներ Սամվել Մելքոնյանի աշխատասիրությամբ։

Բոլորս սպասում էինք այս գրքի հրատարակմանը, բայց ամենաշատը` Տիգրան Սարգսյանն էր անհանգստանում, հետաքրքրվում ու սպասում...

Անկեղծ ասած, դա ինձ բացարձակ չէր զարմացնում, քանի որ գրքի հրատարակումից մի տարի առաջ, երբ մենք նկարեցինք «Կոստան Զարյան. հայ գրականության մենակը» ֆիլմը և դեռ պրեմիերան չէր եղել, մի օր ինձ զանգահարեցին կառավարությունից ու ասացին, որ իմ` ֆիլմի սցենարիստիս ու ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ ուզում է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ես ու Հայկը զարմացած գնացինք կառավարություն։ Պարզվեց, որ վարչապետը արդեն տեսել էր ֆիլմը, հավանել էր ու մեզ կանչել էր, որ քննարկեինք...

Մենք ապշած էինք... լուրջ` ապշած։

Համարյա մի ժամ մնացինք... Տիգրան Սարգսյանը ոգևորված պատմում էր, թե ինչն էր հավանել, ինչ կուզեր, որ ավելացվեր ֆիլմում... Մարդը կարդացել էր Կոստան Զարյանի գրքերը ու ուզում էր, որ ամբողջը ներառված լինի այնտեղ... «Ախր, Զարյանի բոլոր տողերն արժեքավոր են, կուզեի բոլորը հնչեին ֆիլմում»,- ծիծաղելով ասում էր վարչապետ Սարգսյանը։

Հետո ֆիլմի պրեմիերան արեցինք Իսահակյանի տուն-թանգարանում։ Ֆիլմի դիտումից հետո, Իսահակյանի այգում գրական թեյախմություն էր, որին ներկա էին մտավորականներ, մշակույթի գործիչներ ու նաև Տիգրան Սարգսյանը։ Նորից քննարկումներ, կարծիքներ, հիացմունքի խոսքեր... մի խոսքով, Զարյանին արժանի ու վայել երեկո էր։

Տարիներ անց, Կոստան Զարյանի «Սպանիայից» ազդված ու դրանով ոգեշնչված ընտանիքով գնացինք Իսպանիա` հանգստանալու։ Հետս վերցրել էի «Սպանիայի» երկու իսպաներեն օրինակ։ Մեկը նվիրեցի Մադրիդի ազգային գրադարանին, մյուսը` «Պրադո» թանգարանին... ուզում էի, որ անպայման կարդային, թե հայ մեծ մտածողը ինչպես է տեսել և ինչպես գնահատել իրենց թանգարանը ու իսպանացի նկարիչներ Գոյային, Վելասկեսին, Էլ Գրեկոյին։ Այս երեք հսկաների մասին երբեք և ոչ մի արվեստաբան այսպիսի արժեքավոր տեքստ հաստատ չի կարող գրել։

Այսօր Կոստան Զարյանի ծննդյան օրն է...

Սա գրելիս մտածում էի՝ այսքան բան է տեղի ունեցել ու մի լուսանկար չկա, որ տեղադրեմ...

Փաստորեն, կար ժամանակ, որ ուղղակի աշխատում ու ապրում էինք առանց լուսանկարների, ֆեյսբուքյան լայվերի ու անհարկի PR ակցիաների...

Ժամանակ չունեինք նման բաների համար...գործ շատ կար անելու...»:

#տարօրինակ_ժամանակներ

--00—ԼՄ