ԼՂ պատերազմի օրերին Հայաստանն աջակցության համար ՀԱՊԿ-ին չի դիմել. Զաս

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News 

Զաս

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: 

«Հայաստանին օգնություն ցուցաբերելու մեխանիզմը ՀԱՊԿ-ում չի քննարկվել, քանի որ Երևանը կազմակերպությանը չի դիմել: Մենք ի սկզբանե հանդես ենք եկել ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանային խնդիրները խաղաղ պայմանավորվածություններով լուծելու օգտին: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է նա:

Զասը նշել է, որ Կազմակերպությունում չեն սահմանափակվել իրավիճակին հետևելով և կրակը դադարեցնելու ու բանակցելու պահանջով:

«Մենք մեծ աշխատանք ենք տարել: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ մենք ունենք Հավաքական անվտանգության բազային պայմանագիր, որտեղ հստակ նշված են այս կամ այն պետությանը ՀԱՊԿ-ի օժանդակության ցուցաբերման կարգը»,- ասել է նա՝ նշելով, որ համաձայն 4-րդ կետի՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անվտանգությանը, սուվերենությանը սպառնալիքի, հարձակման, ագրեսիայի դեպքում այդ երկրի դիմումի հիման վրա անհապաղ համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում՝ ռազմական:

«Այդ իրավիճակում Հայաստանից որևէ դիմում չի եղել՝ ՀԱՊԿ-ից ռազմական կամ որևէ այլ օգնություն ցուցաբերելու հարցով: Այդ մեխանիզմը մենք գործի չենք դրել և չենք քննարկել»,- ասել է նա:

Զասը ողջունել է կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնությունը և հակամարտության լուծման այն ճանապարհը, որ ընտրել են կողմերը: Նա նշել է, որ կան պայմաններ այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

--00--ԱԹ