2021-ին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները. ԱՄՆ դեսպանը՝ Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ–ի հետ շարունակական համագործակցությունը։

«2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ Միջազագային զարգացման գործակալությունը։ Լիահույս եմ, որ տարին արդյունավետ կլինի նախարարության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ մեզ համար առանցքային է ԱՄՆ–ի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումն ու խորացումը»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։

Դեսպան Լին Մ. Թրեյսին վերահաստատել է ՀՀ հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված ամերիկյան կողմի պատրաստակամությունը։ Դեսպանի գնահատմամբ 2020 թվականը ծանր տարի էր հատկապես ՀՀ-ի համար՝ պայմանավորված ոչ միայն համավարակով, այլ նաև ռազմական գործողություններով։

Լին Թրեյսին հույս է հայտնել, որ ՀՀ տնտեսության վերականգնման ուղղությամբ տարվող հակաճգնաժամային աշխատանքները լավագույնս կանդրադառնան ՀՀ ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման շրջանակում հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների վրա։

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ չնայած 2020 թվականի հասցրած վնասներին, պատերազմի պատճառով անօթևան մնացած մարդկանց մեծ թվին՝ ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն։ Նախարար Պապիկյանի խոսքով հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարում ապահովել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի անխափանությունը։

Նախարարը մանրամասնել է ՏԿԵ նախարարության առաջիկա ծրագրերը ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի արդիականացման ճանապարհաշինության, պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների իրականացման և գործունեության այլ ուղղությունների շրջանակում։ Նախարարը նաև խոսել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականության մասին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման շուրջ։

--00—ԼՄ