Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու մասին լուրերը հաստատվում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Անուշ Բեղլոյան

Իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը Միացյալ Թագավորությունում դեսպան կնշանակվի: Այս տեղեկությունները հաստատում են «Փաստինֆո»-ի խորհրդարանական աղբյուրները: Նշվում է, որ առաջիկա օրերին հայտնի կդառնա՝ նրա մանդատը վայր դնելու մասին։

Նշենք, որ նրա թեկնածության մասին տեղեկությունը մամուլում հայտնվեց՝ «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին նրա մասնակցությունից հետո, որի ընթացքում պատգամավորի հնչեցրած հայտարարությունը մեծ հնչեղություն էր ստացել:

Անուշ Բեղլոյանը տեսակոնֆերանսի ժամանակ մասնավորապես ասել էր՝ «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել են դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»։

Անուշ Բեղլոյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ տեսաժողովի ընթացքում արված իր արտահայտությունները խեղաթյուրվել են, թեև համացանցում տարածվել էր նաեւ այդ հայտարարության տեսագրությունը:

Նկատենք, որ նույն ճեպազրույցի ժամանակ, երբ պատգամավորը փորձում էր մեկնաբանել իր աղմկահարույց հայտարարությունները, նաեւ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիտարկումները, պատգամավորը հայկական Շուշի քաղաքն անվանել էր Շուշա:

Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը թափուր է դեռևս դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո՝ 2019 թվականի հուլիսից, իսկ դեսպանի գործառույթները եվրոպական այդ կարեւորագույն երկրում իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատարը:

--00--ԱԹ