Տիգրան Սարգսյանի ֆենոմենը, կամ ինչպե՞ս ենք մենք խժռում մեր մտավոր ներուժը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

նկար

Ալմաթիում ընթացող թվային ֆորումի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրապարակավ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագիրը ստեղծելու համար։ Մեր ոչ այնքան լավատեղյակ ընթերցողների համար հիշեցնենք, որ հենց «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագրի շնորհիվ գրեթե մեկ տարի դադարից հետո Հայաստանի և Բելառուսի համար բացվեց Ռուսաստանի օդային սահմանը։ Ընդ որում, ծրագրի արագ հաջողությանը շատ քչերն էին հավատում, սակայն Սարգսյանն ու իր թիմը ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարողացան ստեղծել այն, լոբբինգ անել ազգային կառավարությունների մոտ, փորձարկել, որից հետո էլ փետրվարի մեկից բացվեցին սահմանները։ Ավելին, Ալմաթիում ընթացող ֆորումի ժամանակ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջարկությամբ և անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության թվայնացման բոլոր ծրագրերը հանձնվեցին Եվրասիական զարգացման բանկին, այսինքն՝ Տիգրան Սարգսյանին, որը ղեկավարում է ԵԶԲ-ի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը»։

 

Ալմաթին միայն հերթականն էր

Ղազախստանում ընթացող ֆորումի շրջանակում Տիգրան Սարգսյանի դերակատարության հատուկ ընդգծումը միայն հերթականն էր այն երկար ճանապարհի ընթացքում, որն անցնում է Հայաստանի նախկին վարչապետը նախ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ապա՝ ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագահ։ Իր դրական գործունեության մասին բազմիցս հայտարարել են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, այլ երկրների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ակնհայտ է, որ Սարգսյանի դերակատարության ընդգծումը պայմանավորված է ոչ թե լիդերների աձնական վերաբերմունքով, այլ իր կատարած աշխատանքով, հակառակ պարագայում նման գովեստի խոսքերի կարժանանային բոլոր հայ միջազգային պաշտոնյաները։ Այդ ամենի հետ մեկտեղ, օրինակ, «Իմ քայլի» որոշ պատգամավորներ առանձին զրույցների ժամանակ նշում են, որ ՌԴ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն միջպետական հանդիպումների ժամանակ պարբերաբար նշում է Տիգրան Սարգսյանի անունն ու հարցնում. «Как же вы его отпустили?»: Իրավամբ կարելի է պնդել, որ ՀՀ նախկին վարչապետն այսօր ամենամեծ աջակցությունը վայելող միջազգային պաշտոնյան է, որի ներդրումը գնահատվում է ամբողջ աշխարհում, բայց, որքան էլ պարադոքսալ է, ոչ Հայաստանում։ Ավելին, նրա աշխատանքի շնորհիվ կյանքի դյուրացում է տեղի ունենում նաև մեր երկրի քաղաքացիների համար, սակայն իրականում մենք առաջնորդվում ենք բամբասանքներով՝ չգնահատելով իրական արդյունքները։

 

Տիգրան Սարգսյանը՝ թիրախ

Անհրաժեշտ է վերհիշել, թե իր հայաստանյան գործունեության ընթացքում ի՞նչ է արել Տիգրան Սարգսյանը, և ի՞նչ ենք մենք հիշում, կամ, ավելի ճիշտ, ի՞նչ են մեզ ստիպել վերագրել նրան։ Եվ ուրեմն, նաև համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետի ջանքերով Հայաստանում ստեղծվել է մեր ազգային արժույթը՝ դրամը, կայացել է բանկային համակարգը, որը գրեթե երկու տասնյակ տարի անսասան է՝ չնայած տնտեսական դժվարություններին ու քաղաքական վայրիվերումներին։ Սարգսյանի վարչապետության սկզբը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, որից, սակայն, մեր երկիրը դուրս եկավ մինիմալ կորուստներով՝ շնորհիվ այն քաղաքականության, որ վարում էր նրա կաբինետը։ Վեց տարվա ընթացքում այդ կառավարությունը սկսեց բազմաթիվ բարեփոխումների ծրագրեր, որոնք ուղղակիորեն հեշտացրին մարդու կյանքը՝ ԱՊՊԱ-ից մինչև թվայնացում ու բյուրոկրատական քաշքշուկների վերացում, հարկային ու մաքսային համակարգերի կատարելագործում, կենսաթոշակային համակարգի գործարկում, որը, որքան էլ դարձավ քաղաքական պայքարի ու մանիպուլիացիաների հնարավորություն, չչեղարկվեց ոչ մի հաջորդող կառավարության կողմից և գործում է մինչև օրս։ Հենց այդ տարիներին ներդրվեցին կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիքներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի պարտադիր հայտարագրում, խոշոր բիզնեսի արտաքին պարտադիր աուդիտ, խոշոր գումարներով կանխիկ գործարքների սահմանափակում և այլն։

Այս ամենի հետ միասին, սակայն, Տիգրան Սարգսյանը Հայաստանի պատմության ամենաշատ թիրախ դարձած ու քննադատված պաշտոնյան է։ Նրան են վերագրում բաներ, որոնք իրավական տիրույթում չեն դիմանում ոչ մի քննադատության, սակայն, արի ու տես, ամրագրվել են մեր ժողովրդի որոշ հատվածի մոտ՝ ոչ առանց արտաքին թեթև միջամտության։ Սոցիոլոգիայում գոյություն ունի «Օվերտոնի պատուհան» հայտնի հասկացությունը, երբ ամենաանընդունելի, վայրի թվացող երևույթները լրատվական հոսքերի միջոցով դարձնում ես սկզբից ականջի համար սովորական, ապա ներհասարակական կյանքում կառուցում իբրև արդեն բնականոն, իրավաչափ երևույթ։ Այդպես կարելի է, օրինակ, լայն ժողովրդական զանգվածների մեջ կամաց-կամաց, տարիների ընթացքում ներշնչել, որ մարդ ուտելը ծայրահեղ, սակայն երբեմն անհրաժեշտ երևույթ է։ Նույնն էլ տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի պարագայում, երբ, օրինակ, հասարակության մի մեծ մասին ներշնչեցին, որ Սարգսյանը Կենտրոնական բանկի ղեկավար եղած ժամանակ «վաճառել է Հայաստանի ոսկին»։ Լրատվական այս ահռելի հոսքերի դեմ ԿԲ մամլո ծառայության հակադարձումը, թե Հայաստանը վաղուց ԿԲ-ի պահուստներում ոսկի չի ունեցել, վաճառվածն էլ Շվեյցարիայի բանկում դրված ոսկու հաշիվ էր, որի որոշումն ընդունել է պետությունը՝ ոսկու գնի կտրուկ բարձրացման պատճառով, լսելի չդարձավ համընդհանուր աղմուկի մեջ։ Այսինքն՝ պետությունն իր մի ապրանքը վաճառել է, տեղը ստացել մեկ այլ ապրանք՝ այս դեպքում արտարժույթ, ու գործածել այն ըստ նպատակահարմարության կամ էլ պահել իր միջազգային պահուստներում։ Նրա անվան հետ կապեցին «օֆշորային սկանդալն» ու «Նաիրիտի թալանը»՝ լրատվական դաշտում ահռելի մեծ գումար ուղղորդելով Սարգսյանի անունը վարկաբեկելուն։ Եվ ոչ ոք այսօր չգիտի, որ բոլոր այս մեղադրանքներով Սարգսյանը դատի է տվել ամբաստանողներին ու շահել։ Այսինքն՝ ՀՀ դատարանը ֆիքսել է, որ նա «ոսկի չի ծախել, «Նաիրիտ» չի թալանել, օֆշոր չի ունեցել»։ Բայց այս ամենի մասին, բնականաբար, ոչ ոք առանձնապես չի էլ իմացել, որովհետև նրանք, ում պետք էր, որպեսզի Սարգսյանի վարկաբեկումն ընթանա, ոչ մի բանի առաջ կանգ չեն առել։ Եվ այստեղ հռետորական հարց՝ ո՞ւմ էր անհրաժեշտ, որ նախկին վարչապետի ռեֆորմները չկայանան՝ բիզնեսը աուդիտի չենթարկվի, պարտադիր հայտարարագրեր չլինեն, կոռուպցիայի դեմ պայքար չլինի։

Ու այսպիսի օրինակները բազմաթիվ են, երբ, զուտ քաղաքական տրամաբանությունից ելնելով, սևացնում ենք այս կամ այն գործչին, նրան մեղադրում ամենասարսափելի հանցագործությունների համար, որոնք երբեք իրավական ձևակերպում չեն ստանում, ու հետո ինքներս մեզ համար կերտում ենք «հրեշի» կերպար։

 

Ո՞ւմ ենք մենք աստվածացնում

Հասարակությունը մեղավոր չէ, որ ապրում է միֆերով։ Ժողովուրդը, բառի իր լայն իմաստով, միշտ փորձում է գտնել հակահերոս, որի վրա է բարդում դժվար կյանքի պատճառները։ Եվ այդ հարցում, իհարկե, ժողովրդին օգնում են բոլոր նրանք, ովքեր այս գործընթացում կարողանում են պղտոր ջրից մեծ ձկներ որսալ, հետո էլ դրանք ուտել։ Եվ այս արյունոտ, կեղտոտ պայքարի թատերաբեմում միշտ տուժում են նրանք, ովքեր հրաժարվում են ապրել քաղաքական կեղտոտ պայքարի այդ կանոնների համաձայն։

Մենք մերժում ենք բոլոր նրանց, ովքեր իրական օգուտ կարող են տալ մեր երկրին, ովքեր ունեն միջազգային լրջագույն հեղինակություն, կարող են և պատրաստակամ են իրենց գիտելիքները ծառայեցնել երկրի բարօրությանը, ու գրկաբաց ընդունում պոպուլիստներին, միլիոն փախցրած, բայց մի քանի կոպեկ ժողովրդին «շպրտած» հանցագործներին, որոնք ընդամենը կարողանում են իրենց հագցնել բարեգործի ու «փրկչի» հագուստները։

Արդյոք հիմա՞, երբ Հայաստանը, բառի բուն իմաստով, ծնկի է եկել, երբ մենք կորցրել ենք Արցախը, երբ մեր անվտանգային համակարգը գրեթե չի գործում, երբ մեր միջազգային հեղինակությունը հասել է պատմական ամենացածր մակարդակի, մենք իրավունք ունենք փոշիացնել, խժռել մեր մտավոր ներուժը, որի ամենացայտուն ներկայացուցիչներից է հենց Տիգրան Սարգսյանը։ Եթե մենք մեզ կարող ենք նման շռայլություն թույլ տալ, ապա ի՞նչ այլընտրանք ենք մենք մեզ առաջարկում իբրև հասարակություն։ Հայաստանը «փրկիչների» կարիք չունի, մենք օդի ու ջրի պես կարիք ունենք պետական արդյունավետ ինստիտուտների ստեղծման, բարեփոխումների ու ապագայի նոր տեսլականի,  որը կարող ենք կազմակերպել միայն ու միայն մտավոր ներուժի համախմբամբ։

Գագիկ Աբրահամյան

--00—ԼՄ