ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի ստեղծած ենթախմբերի առաջին նիստը տեղի է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

քաղաքական

Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի առաջին նիստը տեղի է ունեցել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:

Նա հայտնեց, որ ենթախմբերի ղեկավարներից մեկը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն է, մյուսը ՊԵԿ նախագահի տեղակալն է: «Երկու ենթախումբ է, մեկը զբաղվում է երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, իսկ մյուսը` փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով Մոսկվայում հունվարի 30-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։

--0--ԿԿ