Երեխաներն այս ամենը չպիտի տեսնեն. ռուս լրագրողի հուշերն Արցախյան պատերազմից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Արցախ

Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին մասնակից լրագրող-բլոգերները շարունակում են հրապարակել իրենց հուշերը: Դրանցից հերթականն է ներկայացնում Lenta.ru-ն: Երիտասարդ ռուս լրագրողը հիշում է, թե ինչպես է ներկա եղել հայ գեներալների խորհրդակցությանը, տեսել, թե ինչպես են աշխատում հայկական ՀՕՊ միջոցները, մաշկի վրա զգացել, թե ինչ է նշանակում ապրել ռմբապաստարանում: Լրագրողը ցանկացել է անանուն մնալ:

«Ես աշխատում եմ տպագիր մամուլում, ՌԴ-ում ամենախոշոր տպագիր լրատվամիջոցներից մեկում: Մանկուց ես հետաքրքրվել եմ պատերազմով, միշտ ցանկացել եմ հայտնվել թեժ կետում, սակայն չի հաջողվել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին ռազմական գործողությունները, ինձ արթնացրին ղեկավարիս հաղորդագրությունները. «Եթե հարկավոր լինի, կմեկնե՞ս»: Պատասխանելիս երկար չեմ մտածել:

Բարեբախտաբար ժամանակ ունեի հավաքվելու. թռիչքից առաջ հասցրի գնել անհրաժեշտ ամեն ինչ` հագուստ, դեղորայք, հարմար կոշիկներ և այլն, իսկ խմբագրությունում ինձ տվեցին զրահաբաճկոն և սաղավարտ: Հետո ապահովագրության հարցը լուծեցի, ստացա խմբագրությունից ինձ հասանելիք գումարը, ինձ ասացին. «Աստված քեզ հետ», նաև խնդրեցին՝ հանուն նյութի կյանքս չվտանգեմ

«Ձեզ հետ հիմա կզրուցեն»

Առաջին մի քանի օրը ես անցկացրի Երևանում: Հարկավոր էր ներկայացնել քաղաքում տիրող իրավիճակը, մոբիլիզացիայի ընթացքը և հումանիտար օգնության հավաքագրումը: Երևան ժամանելով` ես ուղևորվեցի այստեղի իմ գործընկերների` երկու փորձառու լրագրողների մոտ, որպեսզի վերջիններս ինձ ներկայացեն իրավիճակը տարածաշրջանում: 

Գործընկերներս ակնհայտորեն զարմացած էին. նրանք ակնկալում էին, որ խմբագրությունը կգործուղի ռազմական փորձ ունեցող այլ, ավելի արհեստավարժ թղթակցի: Նկատվում էր, որ դժվարանում էին թեժ կետ ուղարկել երիտասարդ լրագրողի, ով դեռ երեկ ուսանող էր:

«Եթե ցանկանում ես, կարող ես մնալ այստեղ՝ Երևանում»,- ասում էին նրանք՝ առաջարկելով օգտվել մամուլի հաղորդագրություններից, նաև խոստանալով, որ իրենցից որևէ մեկն իմ փոխարեն կմեկնի Ղարաբաղ:

«Սա քո կռիվը չէ: Մնա այստեղ»,- առաջարկից ես սիրալիր ձևով հրաժարվեցի:

Այդ ժամանակ՝ Երևանում լինելուս առաջին օրերին տեղի ունեցավ, թերևս, իմ գործուղման ամենատպավորիչ դրվագը: Մենք գործընկերոջս հետ որոշեցինք ուղևորվել դեպի զինկոմիսարիատ, որտեղ կամավորագրում էր ընթանում, իսկ տաքսու վարորդը մեզ չհասկացավ կամ գուցե սեփական նախաձեռնությամբ մեզ տարավ ոչ թե զինկոմիսարիատ, այլ «Երկրապահ» կամավորական շարժման հավաքատեղի:

Մուտք գործեցինք շենք, իսկ տաքսու վարորդը միացավ մեզ: Մինչ մենք ընդունարանում փորձում էինք հասկանալ՝ ինչն ինչոց է, վարորդը մոտ 10 րոպեով անհետացավ ինչ-որ սենյակում, իսկ հետո գոհ դեմքով հայտնվեց՝ ասելով.

«Ներս եկեք, հիմա ձեզ հետ կզրուցեն»: Դռների հետևում սպայական խորհրդակցություն էր: Կենտրոնում սպիտակահեր մի տղամարդ էր, ով ակնհայտորեն կարևոր դեմք էր, ուսերին գեներալ-լեյտենանտի ուսադիրներ, իսկ նրա շուրջը դարձյալ ոչ պակաս կարևոր մարդիկ էին նստած:

«Բարև ձեզ»,- ասաց գլխավորը,- «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ զրուցել, սակայն ոչ՝ ձայնագրելու համար: Մենք չենք ներկայանա: Ինչպես տեսնում եք՝ զինվորական ենք, այստեղ զբաղվում ենք կամավորների հավաքագրմամբ: Դուք հարցեր ուղղեք, և եթե գաղտնիք չլինի, կփորձենք պատասխանել»:

Մեր առաջ դրեցին ջուր, մոխրամաններ, թույլ տվեցին ծխել սենյակում: Երբ դու երիտասարդ լրագրող ես, ում 25 տարեկանը դեռ չի բոլորել, նստած ես գեներալի առաջ, քո նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունից ու հարգանքից չգիտես՝ ուր թաքնվել. Ռուսաստանում չես գնա ծխելու՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը:

Մեր զրույցը հրապարակման ենթակա չէր, այլ իրավիճակը պատկերացնելու համար, այդ պատճառով չեմ կարող այն հանրայնացնել: Մեկ ժամ հետո մենք ջերմորեն հրաժեշտ տվեցինք միմյանց: Վարորդը, որ մեզ հետ էր տանում, թվաց, թե ես տեղի ունեցողին մատների արանքով եմ նայում: Նա անհրաժեշտ համարեց ինձ բացատրել.

«Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ում հետ էիք զրուցում: Դա Վաղարշակ Հարությունյանն էր, Փաշինյանի գլխավոր խորհրդականը (այժմ` ՀՀ պաշտպանության նախարարը - խմբ)»:

Ահա այդպիսին է հայկական յուրահատկությունը. սովորական վարորդը մուտք է գործում երկրի ղեկավարի խորհրդականի գլխավորությամբ կազմակերպված խորհրդակցությանը` ասես իր տուն է մտնում, իսկ րոպեների ընթացքում հարցազրույց է կազմակերպում ինչ-որ անծանոթների համար:

Հենց այդ պահին ես սկսեցի գիտակցել, որ Հայաստանն ինչ-որ այլ` շրջված աշխարհ է:

Ադրբեջանցիներն առաջինը սկսեցին հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին, դա հաստատ է: Ընդ որում` հարվածում էին նախանձելի համառությամբ : Նա, ով ասում է, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ չեն հասցվել, կամ ստում է, կամ մոլորության մեջ է: Այդ ամենը տեղի է ունեցել իմ աչքի առաջ: Ընդ որում` հարվածում էին ոչ միայն բեկորա-ֆուգասային արկերով, այլև կասետային ռումբերով: Դա սարսափելի է:

Քաղաքները հրակոծվում էին մշտապես, սակայն շատերը հրաժարվում էին հեռանալ:

«Մենք բոլորս ռազմաճակատում ամուսիններ, որդիներ, թոռներ ունենք, այդ պատճառով մենք այստեղ ենք և ոչ մի տեղ չենք մեկնում: Ինչպե՞ս կարող ենք թողնել մեր տները: Մենք մնում ենք և թիկունք դառնում մերոնց, որ նրանք իմանան` մենք այստեղ ենք, և պայքարեն հանուն մեզ: Բայց երեխաներին ուղարկել ենք: Երեխաներն այս ամենը չպիտի տեսնեն»,- ապաստարանում տեղավորված կանանցից մեկի խոսքերն են»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ