Հայալեզու ցեղախո՞ւմբ, թե՞ ազգ. ախտաճանաչման անհրաժեշտություն 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

Պատերազմում խայտառակ պարտությունը, կարծես, պետք է սկիզբ դներ մտավոր մի կարևոր բանավեճի, թե ովքեր ենք մենք իբրև հավաքականություն, ի՞նչ առաքելություն ունենք, ո՞ւր ենք գնում, և, ընդհանրապես, ի՞նչ ենք ուզում և ի՞նչ կարող ենք տալ աշխարհին։ Դրա փոխարեն, սակայն, մենք էլ ավելի ընկղմվեցինք այն ճահիճի մեջ, որում, թերևս, առկա էինք և մինչև պարտությունը, ներփակվեցինք ու մեկնարկեցինք իրար ուտելու, մեղավորներ փնտրելու երկար ու մաշիչ գործընթացը, որը, վերջիվերջո, հանգեցնելու է դիմադրողականության վերջնական կորստին ու ազգից դեպի հայալեզու ցեղախումբ անցնելու խայտառակ, բայցև անխուսափելի իրականությանը։ Այս ամենի դեմն առնելու համար գերանհրաժեշտ է կոնսոլիդացիոն, ինքնաճանաչման, նպատակային ու ժամանակին համահունչ գաղափարախոսության, տեսլականի մշակումն ու պետական քաղաքականության ուղղորդումն այն ի կատար ածելու համար։ 

Արցախը վերջին ճիչն էր 

Պետությունն ու ժողովուրդը չեն կարող ապրել ու զարգանալ առանց ազգային ու պետական ինստիտուտների։ Եթե պետությունը ստեղծում է ձևախեղված, անբովանդակ ինստիտուտներ, ապա դրանց սնանկությունը վաղ թե ուշ բերում ու հասցնում է նույն պետության կործանմանը կամ պսևդո պետության գոյատևմանը։ Այսինքն՝ անունով պետություն կա, դրոշ ու զինանշան ունի, բայց չի գրանցել ոչ մի հաջողություն. քաղաքացիները սոված են, բանակը թույլ է, տարածաշրջանում ոչ մի դերակատարություն չունի ու դարձել է այլ պետությունների համար բնական զարգացման տարածք, որոնք պատեհ առիթի դեպքում մի լավ փայ մեջ-մեջ կանեն ու կմնան՝ մյուս պատառներն էլ թողնելով ապագային։ Եվ հիմա գրեթե այսպիսի իրականության առջև ենք կանգնել մենք՝ չունենալով նպատակ, ծրագիր, լինելով անբովանդակ ու իմաստազուրկ։

Անկախությունից հետո մենք՝ իբրև պետություն, հրաժարվեցինք խորհրդային ինստիտուտներից, որոնք լավ կամ վատ գործում էին, սակայն միգուցե այլևս արդիական չէին նոր իրականության պայմաններում, բայցև չստեղծեցինք մերը։ Այսինքն՝ ստեղծեցին, բայց մեր փոխարեն ու ուրիշի օրակարգի շրջանակում՝ դրսից «սպիտակ» մարդկանց կանչեցինք, իրենք էլ եկան ու ասացին, թե ինչ է «կոֆեբրեյկն» ու «լանչը», ինչպես մենք պետք է ապրենք, ՀԿ-ներն ու կուսակցությունները ինչ գործունեություն պետք է ծավալեն, ԶԼՄ-ներն էլ ինչ պետք է գրեն։ Ստեղծեցին ինչ-որ ինստիտուտներ, որոնց անունը կա, բայց անվանումը բացակա է, մենք էլ «թենքյու» ասեցինք ու անցանք առաջ։ Առաջ անցնելու հետ միասին սկսեցինք դեգրադացնել հնարավոր ամեն ինչ՝ ընտրություններ կեղծել, լրատվամիջոցներ ու կուսակցություններ առնել, ու, որպես արդյունք, ամեն անգամ իշխանության եկավ էլ ավելի տգետ ու շատ առավել ամբիցիոզ վերնախավ, որը սովետական լավ կամ վատ ժողովրդից սկսեց կրթել ցեղախումբ՝ հինգ հազար դրամով ձայն առնելու անվիճելի պատրաստակամությամբ։ 

Եվ եթե այդ ընթացքում մենք ունեինք գոնե մեկ կոնսոլիդացիոն համակարգ, որով հպարտանում էինք ու համարում ազգային ինքնության լոկոմոտիվ, բանակ-Արցախ միասնությունն էր, որը, ցավոք, վերջին խայտառակ պատերազմի հետևանքով վերացավ։ Այսինքն՝ չունենք այլևս հաղթական բանակ, իսկ Արցախից մնացած փշրանքներն էլ զրկվել են սուբյեկտայնության հատիկներից։ 

Նորի ձևակերպման անհրաժեշտություն

Ընդհանրապես Հայաստանի նորագույն պատմության մեջ երկրի զարգացման գաղափարական կոնցեպցիայի բացակայությունը ցույց է տալիս նաև վերնախավի բովանդազուրկ լինելը։ Հայաստանի պատմության մեջ միայն Տիգրան Սարգսյանն էր, որ պարբերաբար հանդես էր գալիս ապագային միտված ու ձևակերպված թեզիսներով, որոնցից ամենացայտունը «Հայկական աշխարհի» մասին վերջինիս գաղափարաբանական կոնցեպցիան էր։ Այդ օրերին մեր քաղաքական դաշտի առաջնահերթությունը, ինչպես և, ցավոք այսօր, կայանում էր մի բան ավել փախցնելու ու այդ ընթացքի մեջ իրար էլ ավելի շատ ուտելու տրամաբանության մեջ, ուստի «Հայկական աշխարհի» կոնցեպտը չստացավ արժանի ուշադրություն։ 

Բայց ակնհայտ է, որ պարտված, ծնկի եկած մեր երկում օր առաջ անհրաժեշտ է նոր ձևակերպված կոնցեպցիայի մշակում՝ միտված ապագային ու համապատասխան ժամանակակից քաղաքական, մշակութային ու գոյաբանական մարտահրավերներին։ Եթե մենք կարճ ժամանակահատվածում չկարողանանք համախմբել մեր մտավոր ներուժը, չստեղծենք նպատակ ունեցող վերնախավ ու դրան միտված պետական քաղաքականություն, ապա կկորցնենք նաև մեր խեղված պետականությունը՝ այս անգամ, հնարավոր է, ընդմիշտ։ 

Նարեկ Գալստյան

--00—ԼՄ