ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել ԼՂ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ռուդենկո.

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում:

Ըստ Ռուդենկոյի՝ կարգավորման հիմնարար սկզբունքների արտացոլվել են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դրանցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների՝ Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա:

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու համար: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,-նշել է Ռուդենկոն:

Հարցին՝ Ռուսաստանը չի զգուշանո՞ւմ Թուրքիայի ներկայությունից Անդրկովկասում, փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ելնում է այն փաստից, որ Անկարայի հետ ռուսական կողմի ռազմական փոխգործակցությունը տարածաշրջանում կառուցվում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի շրջանակում:

--00—ԼՄ