ԼՂ-ի շուրջ ստատուս քվոն փոխվել է, Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Նոր իրողություն է, նոր իրավիճակ, որը բարձրացնում է նոր մարտահրավերներ, բայց նաև կան նոր հնարավորություններ: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Վիճակն, անշուշտ, շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է՝ անել ամեն ինչ, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, դա հեշտ հարց չէ, քանի որ սա աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի արտացոլումն է: Որպես պետություն, կառավարություն՝ մենք պետք է ձգտենք նախևառաջ բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև ՀՀ շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասաց նա:

Այվազյանը նշեց, որ դիվանագիտության համար նույնպես ՀՀ շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդումը եղել և մնում է առաջնային խնդիրը:

Խոսելով Կարսում անցկացվող զորավարժությունների մասին` նախարարը նկատեց. 

«Ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս: Մենք մի կողմից նման դրսևորումներ ենք տեսնում, մյուս կողմից` Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ: Հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը` ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով: Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: ՀՀ հանդեպ շրջափակման համար այլևս պատճառ չկա»:

--0--ԿԿ