Սիսիանի 18 բնակիչ համարվում է անհետ կորած, մեկը՝ գերեվարված

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

Սիսիան

Սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով Սիսիանից զոհվել է 65 զինծառայող։ Համայնքապետարանից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ պատերազմի մասնակիցներից 18-ը դեռևս համարվում է անհետ կորած, նրանց թվում են կամավորներ, ժամկետային զինծառայողներ, ՄՈԲ-եր և պայմանագրային զինծառայողներ։ Սիսիանի բնակիչներից մեկն էլ, ըստ տեղեկությունների, պահվում է Ադրբեջանում.

«Մեր կողմից արձանագրված, բայց թշնամու կողմից չհաստատված մեկ գերի ունենք»։

Սիսիանից տեղեկությունները ինքնուրույն են հավաքագրել, տվյալները հիմնականում տրամադրել են համայնքի գյուղերից։

Համայնքապետարանից հայտնել են նաև, որ պատերազմից հետո ավելի քան հարյուր վիրավոր կա, սակայն տվյալները վերջնական չեն, որովհետև բնակիչներից շատերը ռազմաճակատ են մեկնել Երևանից։

Հիշեցնենք, որ հայկական կողմը փետրվարի 8-ի դրությամբ հաղորդել է 2180 զոհի անուն, ԱՀ ԱԻՊԾ-ն հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ի դրությամբ պատերազմից հետո ռազմական գործողությունների տարածքից հանվել է 1367 աճյուն, իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին։ ՀՀ ՊՆ-ն խուսափում է հրապարակել ամբողջական տվյալներ զոհերի, անհետ կորած ու գերեվարված ՀՀ քաղաքացիների մասին։

--00--ԱԹ