Ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դուք եք որոշում երկրի ապագան. Մանուկյանի կոչը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ժողովուրդ,

Քեզ հիպնոզացրել են, արթնացի՛ր:

Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը:

Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ:

Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք:

Հիշե՛ք՝ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 8-ին, կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելեց իրականությունն ասելու իրավունքը: Արդյունքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք:

Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ: Չունենք նաև բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի:

Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին:

Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով:

Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են:

Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ:

Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով:

Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:

Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը»:

--00—ՄՀ