Անանուն աղբյուրներին հղման արգելք նախատեսող նախագծերը առկա տեսքով ընդունվել չեն կարող. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

Մեդիա ոլորտի մասնագետների հետ քննարկել ենք անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը. դրանք առկա տեսքով ընդունվել չեն կարող: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։

Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:

Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները:

Նախագիծը մասնագետների հետ պատշաճ չեն քննարկվել, դրանք չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։

Քնարկման մասնակիցները միակարծիք եզրահանգել են, որ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքների համաձայն՝ Պաշտպանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները ու կներկայացնի Ազգային ժողով։

Մանրամասները այս հղումով՝ համապատասխան հիմնավորումներով»,- գրել է Թաթոյանը:

--00—ԼՄ