Հայոց Ավարայրը շարունակվում է և այսօր. Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

կաթողիկոս

Փետրվարի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա գտնվեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազան արարողության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը նաև քարոզեց Ս. Վարդանանց խորհրդի մասին՝ մանրամասնորեն անդրադարձ կատարելով ժամանակի պատմական հանգամանքներին, որոնց մեջ հայերը մինչև արյան վերջին կաթիլը դիմադրեցին և պաշտպանեցին իրենց ազգային ինքնությունը, հավատքը և Եկեղեցին։

«Ավելի քան 15 հարյուրամյակ է անցել այն օրվանից, երբ նրանք իրենց սխրանքն ու քաջությունը բերեցին հայրենիքի ու ազգի համար հայտնի Վարդանանց պատերազմում և Ավարայրի ճակատամարտում։ Այս 15 հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազում պատերազմներ ու ճակատամարտեր է ունեցել, բայց Ավարայրի ճակատամարտը իր հատուկ, ուրույն տեղն ունի մեր պատմության և մեր ժողովրդի հոգում, սրտում և առօրյա կյանքում։

․․․Շատ կարևոր է մեր պատմության, մեր մտքի ու գիտակցության համար այն, որ հենց Ավարայրի ճակատամարտով էր, Վարդանանց պատերազմով էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի սրբացումը և Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հերոսացումը։ Եվ 15 դարեր այսպես սրբացած ու հերոսացած, որպես մեկ միավոր, որպես մեկ ժողովուրդ ապրում ենք այս աշխարհում։ 1500 տարի է անցել Ավարայրի ճակատամարտից, սակայն, ցավոք, 1500 տարվա հոլովույթի մեջ նույնիսկ չի մարել այդ պայքարը։ Հայոց Ավարայրը շարունակվում է և այսօր», - ասաց Նաթան Սրբազանը՝ նշելով, որ այսօր էլ հայ ժողովուրդը հարկադրված է պաշտպանել իր ինքնությունը, դավանած և կերտած արժեքներն ու քրիստոնեական ոգին։

Տոնի առիթով հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից Նաթան Սրբազանը շնորհավորեց Նորին Սրբությանը անվանակոչության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և քաջություն՝ շարունակելու այսօրվա Ավարայրը և հաղթելու այն: Սրբազանը ցանկացավ, որ Տերն Իր ուժը առատապես պարգևի Հայոց Հովվապետին, որպեսզի նրա հայրապետական գավազանը միշտ բարձր լինի և առաջնորդի ազգին դեպի ապագա հաղթանակներ, դեպի աստվածային օրհնություն։

Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում աղոթք վերառաքվեց առ Աստված հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և արդյունալի գահակալության համար։

--00—ՄՀ