ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծին, որով թույլ էր տրվում 14-ամյա երեխայի գաղտնի ՄԻԱՎ-ի թեստ տալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Խորհրդարանը՝ փետրվարի 11-ի նիստի ժամանակ չընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ԱԺ-ում ներկայացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Նախագծին կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 46 պատգամավոր, ձեռնպահ 10:

ԱԺ-ում նախագիծը պատգամավորների կողմից խիստ քննադատության է ենթարկվել: Պատգամավորների համար մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվում էր, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի, ավելին, պատասխանն իմանալուց հետո այն կարող է գաղտնի պահել:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նախագիծը ներկայացնելիս ասել է, որ պատրաստ է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ, որ դրույթն է պետք պահպանել:

«Այսօր Քովիդը խնդիր է, բայց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, թեստավորում, հիմնադրված ծառայություններ: Այո՛, դիմակը պետք է անպայման կրել հակառակ դեպքում, եթե մարդուն վարակեք քովիդով, կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան եթե ՄԻԱՎ-ով մարդու նկատմամբ ուզում եք սահմանափակումներ մտցնել, խտրական վերաբերմունքը պահել»,-ասել է փոխնախախարը և հավելել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր չէ, քանի որ կա բուժում:

--00—ԼՄ