Մարտունիում տեղադրված Նժդեհի արձանի հարցով հստակություն չկա

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News  

Նժդեհ

Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Թեմային է անդրադառնում Aparaj.am-ը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել հարցերին: Սակայն հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

Կայքի տեղեկություններով այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

--00--ԱԹ