Դպրոցների և մանկապարտեզների հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այսպես․

·    Սահմանվել է, որ  դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։

·    Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։  

·    Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։ 

·    Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։ Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ՝

·     այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,

·     առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,

·     կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

·     սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար,

·     Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Սոցիալական տարածությունը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։

--00—ՄՀ