Վիրավոր տարհանելիս շնչուղիների այրվածք ստացած ԵՊԲՀ-ի ուսանողը չի մտափոխվել, բժիշկ կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նեկայացրել է ԵՊԲՀ ուսանող Ալբերտ Մեյրոյանին, որը պատերզմի օրերին վիրավորներին տարհանելիս ծանր վիրավորում է ստացել:

Սպիտակ բանակի ներկայացուցչի մասին՝ ստորև.

«Ալբերտ Մեյրոյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու որպես ռազմական գծով բուժակ Արցախում անցել ծառայության։ ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտը ծառայում էր Մատաղիսում, երբ Արցախում սկսվեց պատերազմը։

«Սեպտեմբերի 11-ին գնացել եմ Մատաղիս, սկսել եմ ծառայությունը, ամեն ինչ շատ լավ էր, գործս շատ էի հավանում, գնահատված էի զգում ինձ։ Սեպտեմբերի 27-ին Մատաղիսում էի, վաղ առավոտյան արթանացա արկի ձայնից։ Սկզբից չհասկացանք՝ ինչ է կատարվում, կարծեցինք ՝ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, հետո երկրորդ, երրորդ արկերը, երբ ավելի մոտ պայթեցին, հասկացանք, որ պատերազմ է սկսվել»,-պատմում է Ալբերտ Մեյրոյանը։

Ռազմաճակատում նրա խնդիրը վիրավոր զինծառայողներին առաջին բուժօգնություն ցուցաբերելն էր, վերացնել վիրավորի կյանքին սպառնացող վտանգը, տեղափոխել նախ գնդի բուժկետ՝ ևս մեկ անգամ ստուգողական բուժզննում իրականացնելու, ցավազրկել, դադարեցնել արյունահոսությունը, առաջնագծից վիրավորներին արագ տարհանել։ «Մարդու կյանքը փրկելու համար ինչ որ անհրաժեշտ է, անում էինք և շտապ տեղափոխում հոսպիտալ։ Նրանց, ում հաջողվել է մեզ մոտ՝ բուժկետ հասցնել, բոլորին օգնել ենք, նրանք փրկվել են, շարունակում են բուժումը, ոմանք արդեն ապաքինվել են»,-նշում է Ալբերտը։

Ըստ Ալբերտի՝ վիրավոր տղաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով ոչ մի բանի կարիք չեն ունեցել։

«Ամենադժվարը պատերազմի առաջին օրերն էին, խուճապը փոքր-ինչ շատ էր»,-խոստովանում է ապագա բժիշկը։ Արկերի պայթյուններն անսովոր էին, բայց դրանք ժամեր անց սովորական են դառնում սպիտակ բանակի մարտիկների համար ու նրանց մղում առաջ՝ փրկելու հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած զինվորների կյանքը։

«Հասկացանք, որ մեր գործն այդ պահին ամենակարևորն է։ Տղաները, որոնք չէին վախենում, առաջ էին գնում՝ հողը պահելու համար, նրանք պետք է ապրեին, գիտակցում էինք, որ չենք կարող թողնել նրանց։ Արդեն կարևոր չէր՝ հակառակորդը մե՞զ էր թիրախավորել , անօդաչուներով մեր մեքենայի՞ն կխփեն, թե ոչ, միշտ գնում էինք առաջ՝ փորձելով օգնել, տարհանել վիրավորներին, որքան հնարավոր է շատ մարդկանց օգնել։ Հենց մեքենայի ձայն էինք լսում, հասկանում էինք, որ վիրավորներ կան, դուրս էինք վազում, մեկ բժիշկ, մեկ բուժակ՝ թիմերի բաժանվում և համագործակցելով կազմակերպում նրանց բուժօգնությունը», -պատերազմի օրերն է վերհիշում ապագա բժիշկը։

Պատերազմի ժամանակ Ալբերտը ծանր վիրավորվել է, շնչուղիների այրվածքով և մի շարք այլ վնասվածքներով մեկ շաբաթ գտնվել է վերակենդացման բաժանմունքում։

«Հոկտեմբերի 2-ի երեկոյան թշնամին ուժգին հրետակոծություն սկսեց հայկական կողմի ուղղությամբ։ Կրակը կենտրոնացած էր, հակառակորդը նաև մեզ էր թիրախավորել, բուժկետից դուրս եկանք, վիրավորներին տարհանում էինք ավելի ապահով տարածքներ, տարհանման ընթացքում պարզվեց՝ առաջնագծում էլի մարդիկ են մնացել, որոնց ևս պետք էր թիկունք տեղափոխել։ Բուժծառայության պետի ու բուժակի հետ միասին մեր մեքենայով վիրավորների հետևից ենք գնացել, ոմանց ճանապարհել, նաև հոսպիտալից լրացուցիչ մեքենա խնդրել։ Մեր հետևից երեք մեքենա են ուղարկել։ Նույն տեղում այլևս չէինք կարող մնալ, քանի որ հակառակորդի թիրախում էինք։ Վիրավորներին բաց տարածքով մի քանի հարյուր մետր ուղեկցել ենք այն դեպքում, երբ թշնամին արդեն մեզնից ընդամենը 700 մետր հեռավորության վրա էր։

Հոսպիտալից ուղարկված ավտոմեքենաները հասան մեզ, վիրավորներին տեղավորեցինք և շարժվեցինք։ Կատարվածն իսկապես չեմ հիշում։ Դեպքը տեղի է ունեցել հոսպիտալի ճանապարհին»,-նշում է Ալբերտը։ Մենքենան պայթել է, ներսում գտնվող յոթ մարդկանցից երեքը, այդ թվում՝ ինքը, հրաշքով փրկվել են։

Ալբերտ Մեյրոյանը դեռ ապաքինվում է, հնարավոր է՝ ևս մեկ վիրահատության ենթարկվի։ Պատերազմը չի փոխել նրա ծրագրերը։ Այս կամ հաջորդ տարի ծրագրում է ընդունվել ԵՊԲՀ , ցանկանում է դառնալ դիմածնոտային վիրաբույժ։ «Կփորձեմ դառնալ ավելի պիտանի մարդ»,-կարճ բանաձևում է պատերազմի մասնակիցը։

Ռազմաճակատային ծառայությունն ավելի է ամրապնդել բժիշկ դառնալու նրա մտադրությունը։ «Մարդկանց օգնեմ՝ շարունակելու կյանքը, բարելավեմ մարդկանց կյանքը բժշկական տեսանկյունից»,-ասում է Ալբերտ Մեյրոյանը։

ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտ Ալբերտ Մեյրոյանը նշում է, որ իր տեսած պատերազմական դաժան տեսարաններն անգամ ֆիլմերում չեն նկարվում։

Նույնիսկ ամենասարսափելի սյուժեով ֆիլմը, ըստ նրա, չի կարող համեմատվել այս պատերազմի սցենարի հետ։ Ալբերտը չի մոռանում բուժկետի մոտ կայանված մեքենային հասցված ուժգին հարվածը։ Հարվածից տղաները վիրավորվեցին, բարեբախտաբար, իրենց հաջողվեց արագ կազմակերպել շտապբուժօգնություն, նրանց տեղափոխել հոսպիտալ։ Ռազմի դաշտում աշխատող բժիշկներին ոգևորել են զինծառայողների հերոսությունները։

«Պատերազմի առաջին օրերն էին, վիրավորներին տեղափոխելիս ճանապարհին տեսանք մեր տանկիստներին, հող ու փոշի անելով առաջ էին գնում՝ հետ շպրտելու թշնամու ուժերին, մենք գոռում էինք՝ առա՛ջ ձեր ցավը տանենք։ Բառերով ներկայացնել ապրումները հնարավոր չէ»,-ընդգծում է Ալբերտը։

Պատերազմի ծանր օրերին բուժաշխատողների ցանկությունը մեկն էր՝ կարողանալ կապ հաստատել ընտանիքների հետ. «Որպեսզի հարազատները չանհանգստանան, մենք էլ իրականացնենք մեր առաքելությունը՝ փրկելով կյանքեր։ Մենք մեր մասին չէինք մտածում, մտածում էինք ընտանիքների մասին, թեկուզ մի նամակ կարողանայինք գրել՝ տեղեկացնելով, որ ողջ ենք»։

Սպիտակ բանակի մարտիկն ավագ գործընկերների ջանքերով քիչ-քիչ լիարժեք ոտքի է կանգնում և վստահեցնում՝ անհրաժեշտության դեպքում կրկին պատրաստ է շարք վերադառնալ»։

--00—ԼՄ