Արտակարգ դեպք Արարատի մարզում. մոտ 500 պտղատու ծառեր կրակի են մատնվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

կրակ

Արարատի մարզի Արմաշ գյուղի մի քանի բնակիչներ ահազանգել են գյուղապետարան, որ մեկ օր առաջ կասկածելի հանգամանքներում հրդեհ է բռնկվել իրենց կողմից տարիներ առաջ ստեղծված ծիրանի, խնձորի, խաղողի և մի քանի այլ մրգատու ծառերի այգիներում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այգիներում առաջացած կրակի մասին երբ իմացել են, շտապել են հրդեհի վայր և սեփական ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ոստիկանությունը մեկ ժամից ավելի` տեղում է: 

Գյուղացիներն ասում են.

«Հալալ քրտինքով մեր ընտանիքներով ստեղծել ենք այս այգիները: 15-20 տարի, կարելի է ասել, 24 ժամ խնամել ենք: Արդեն նույնիսկ միրգն էինք հավաքում, վաճառում ու բանկերի վարկերն էինք հազիվ մուծում, մի քանի կոպեկ էլ մնում էր՝ հոգում էինք մեր սոցիալակա խնդիրները: Կրակը այնքան արագ էր տարածվում, որ նույնիսկ չհացրեցինք զանգահարել ԱԻՆ: Մեր ուժերով սաղ հանգցրեցինք: Ցավոք, մոտ 500 ծառ  բներով այրվել են: Երևի 80 տոկոսն էլ բերք չտա: Ո՛չ թշնամիներ ունենք, ո՛չ էլ չուզողներ: Թե ո՞վ է դիտմամբ կամ անփութությամբ  կրակի մատնել մեր քրտինքը, չենք արող ասել: Դիմել ենք գյուղապետարան: Գյուղապետն օպերատիվորեն արձագանքել է, գյուղապետից գոհ ենք, ինչ հնարավոր է՝ արել է: Հիմա ուզում ենք Արարատի ոստիկանությունն ու  հրշեջ-փրկարարները  հետաքննություն կատարեն, իմանանք՝ սա միտումնավոր է արվել, թե անփութություն է: Միլիոնների վնաս ենք կրել: Մեծ թվով ծառեր պետք է արդեն հանենք, տեղը նոր տնկիներ տնկենք ու էլի մի քանի տարի խնամենք,  որ հետո դրա բերքը քաղենք: Չգիտենք, արդյո՞ք Արարատի մարզպետարանը մի բանով մեզ սատար կկանգնի, թե ոչ»:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է  տուժած քաղաքացիների ինքնությունն ու  ինչքան վնաս են կրել նրանք: 

--00--ԱԹ