ՀՀ դեսպանն ԱՄՆ կոնգրեսականի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

քաղաքական

Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսականին իր առաքելությունը որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ:

Դեսպանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրել պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ համատեքստում Վարուժան Ներսեսյանն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։

Զրուցակիցները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

--0--ԿԿ