Ճաքած առաստաղ, թեքված հատակ. փլված պատշգամբ. ի՞նչ է ֆիքսել 24News-ի տեսախցիկը Վարդաշենում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Հայաստանում ժամեր առաջ գրանցված երկրաշարժի ու ավելի քան 65 հետցնցումների հետևանքներն առավել զգալի են եղել վթարային շենքերում:

Երևանի Վարդաշենի վթարային հանրակացարանի որոշ տներում պատերն ու առաստաղները ճաքել են, որոշ հարեկրում էլ հատակը տեղաշարժվել է, նկատելի թեքություն է ստացել:

Բնակիչները մի քանի ժամ դրսում են անցկացրել. ԱԻՆ-ից հորդորել են որոշ ժամանակ մնալ դրսում, քանի որ հավանական են հետցնցումները, իսկ շենքը վթարային է, ու փլուզման վտանգ կա:

Բնակիչները 24News-ին տված հարցազրույցի շրջանակում, երկրաշարժի առիթն օգտագործելով, ևս մեկ անգամ բարձրաձայնել են վթարային շենքի հիմնախնդիրը՝ մտահոգություն հայտնելով, որ այն ամեն պահ կարող է փլուզվել, մանավանդ որ վերջին շրջանում Հայաստանում սեյսմիկ ակտիվություն է նկատվում:

Բնակիչները նաև ասել են, որ որոշել են կրակ վառել շենքի խաղահրապարակում գիշերը դրսում անցկացնելու համար, քանի որ վախում են երեխաների հետ վերադառնալ տներ. հանրակացարանում փոքրիկները շատ են: 

Թե ինչ հետևանքներ է առաջացրել երկրաշարժը Վարդաշենի հանրակացարանում արձանագրել է մեր տեսախցիկը:

Բնակիչների հարցազրույցները՝ այստեղ:

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան`Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

--00—ԼՄ