ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնումը մեր արտաքին քաղաքական օրակարգում են

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հաշվետվության ներկայացմանը՝ 2020 թվականին շրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ներկայացված հաշվետվությունը գնահատելով բավարար՝ երկրի ղեկավարն իր շնորհակալությունն է հայտնել վարչակազմի ղեկավարին՝ ընդգծելով նրա ունեցած առանցքային դերն անցած տարվա աշնանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմում և նշել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ կառավարության որոշմամբ նրան կփոխարինի Մարտունի քաղաքի համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին և անելիքներին՝ նախագահը նշել է, որ առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որն ապահովվելու է և՛ սեփական, և՛ ՌԴ խաղաղապահների միջոցներով ու երաշխիքներով:

«Արցախի անվտանգության բաղադրիչի մի մասն էլ Արցախի կարգավիճակն է. տարածքային ամբողջականության վերականգնումն ու անկախության միջազգային ճանաչումը մնում են մեր արտաքին քաղաքական օրակարգում: Մարտունեցիների հետ այս հանդիպումը տեղի է ունենում Արցախի համար պատմական օր՝ փետրվարի 13-ին, և Արցախյան շարժման գաղափարները չեն փոխվել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կլուծվի շրջանի բնակչությանը հուզող կարևոր խնդիրներից մեկը՝ կայուն էլեկտրամատակարարման հարցը: Ըստ նախագահի՝ համայնքներում շինարարական աշխատաքները պետք է ակտիվացնել, բարեկարգել ազատ բնակարանային ֆոնդն ինչպես Մարտունու, այնպես էլ այլ շրջանների բնակավայրերից տեղահանված մարդկանց տեղավորելու համար:

Նիստի ավարտին ԱՀ նախագահը «Ոսկե Արծիվ» շքանշան է հանձնել ՊԲ N զորամասի հրամանատար Հունան Հայրումյանին, ով «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանն էր արժանացել 44 -օրյա պատերազմի ընթացքում: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Նախագահ Հարությունյանն առանձին հանդիպել է նաև Մարտունու մի խումբ բնակիչների հետ: Զրույցն ընթացել է հետպատերազմյան իրավիճակի, դրա հաղթահարման ուղիների շուրջ:

--00--ԱՀ