Երևանում տեսչական մարմինը տրանսպորտային անվտանգության կանոնների խախտում է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

Տմ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղեկությամբ՝ տրանսպորտային անվտանգության բնագավառում տեսչական մարմնի 2020 թ․ գործունեության տարեկան ծրագրով նախատեսված է եղել 30 ստուգում և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված իրականացվել է 16 ստուգում։ Արդյունքում բացահայտվել է 63 խախտում։ Առավել կրկնվող խախտումներն են.

Երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի պահպանման պահանջի խախտումներ՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ,

Պարբերական և սեզոնային տեխնիկական սպասարկում իրականացնելու պահանջի խախտումներ՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ,

Վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիներ կոտրելու  մուրճերի բացակայություն՝ 6 տնտեսվարող սուբյեկտի մոտ։

Ամենից շատ խախտումներ արձանագրվել են Երևանում՝ 28, ամենից քիչը՝ 1, Տավուշում։ 

Ստուգված տնտեսվարող սուբյեկտներին տրվել են 21 կարգադրագրեր։ Դրանց կատարման ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 4 ընկերություն վերացրել է բոլոր խախտումները, իսկ 10 կազմակերպությունում վերստուգումներ են արվել, և  պարզվել է, որ հայտնաբերված 63 խախտումներից վերացվել են 54-ը (85.7 %-ը)։

2020 թվականի ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ 10 մարզում և Երևանում իրականացրել են 11122 վերահսկողություն՝ միջպետական ավտոբուսային փոխադրումների ուղետոմսերի վաճառքի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ։ 

Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 6940 վերահսկողական միջոցառում, որից 1233-ը՝ Երևանում, 1075-ը՝ Շիրակի մարզում, 970-ը՝ Կոտայքի մարզում, 800-ը՝ Արմավիրի մարզում, 633-ը՝ Լոռու մարզում, 628-ը՝ Գեղարքունիքի մարզում, 284-ը՝ Տավուշի մարզում, 276-ը՝ Սյունիքում և 247-ը՝ Վայոց ձորի մարզում։ 

Վերահսկողական միջոցառումների ընդհանուր քանակի 29,6%-ը  բաժին է ընկնում թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ կատարված վերահսկողական  աշխատանքին։ Ամենից շատ՝ 1197 (36,4 %) վերահսկողական միջոցառում արվել է Արմավիրի մարզում։  Մյուս մարզերում և Երևանում թվային պատկերն այսպիսին է․ Գեղարքունիք՝  434 (13,2 %), Սյունիք՝ 310 (9,4 %), Երևան՝ 236 (7,2 %), Տավուշ՝ 229 (6,9%), Կոտայք՝ 224 (6,8 %), Շիրակ՝ 203 (6,2 %), Վայոց ձոր՝ 193 (5,8 %), Արագածոտն՝ 170 (5,2%), Լոռի՝ 53 (1,6 %) և Արարատ՝ 40 (1,2 %)։ 

Մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության նկատմամբ վերահսկողության արդյունքում գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 665 գովազդային վահանակներ։ Դրանցից 254-ը տեղադրված են եղել Գեղարքունիքում, 81-ը՝ Արարատում, 76-ը՝ Վայոց ձորում, 60-ը՝ Կոտայքում,  53-ը՝ Լոռիում, 34-ը՝ Սյունիքում, 33-ը՝ Արմավիրում, 26-ը՝ Արագածոտնում և 22-ը՝ Տավուշում։  

Հաշվետու տարվա ընթացքում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով տեսչական մարմինը ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ իրականացրել է  կանոնավոր և ոչ կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումների սահմանափակման և կանխարգելման, տրանսպորտային միջոցների ամենօրյա ախտահանման նկատմամբ վերահսկողության աշխատանքներ։ Բացահայտվել են դեպքեր, երբ երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներն երթևեկն  իրականացրել են նստատեղերի քանակից ավելի նստեցումներով՝ ուղևորների գերծանրաբեռնվածությամբ, առանց ախտահանիչ նյութի և ուղևորի կամ վարորդի կողմից դիմակ չկրելու փաստով։ Գերբեռնված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հատուկ պահպանվող տարածք։

Տարբեր վերահսկողական միջոցառումների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության 306 արձանագրություններ (Երևանում՝ 109, մարզերում՝ 197) և տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, բաժանվել են ուղեցույցեր թե՛ տնտեսվարող կազմակերպության ղեկավարներին, թե՛ վարորդներին։ 

ՀՀ պարետին ներկայացվել է 3 գրություն՝ տրանսպորտային միջոցների գործունեությունը 72 ժամով կասեցնելու վերաբերյալ:

  --00—ՄՀ