Հաշմանդամություն ունեցող տղաները պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու հնարավորություն կունենան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

․

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները կկարողանան զբաղվել տարբեր մարզաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այդ մասին ասել է պետական աջակցության ծրագրում ներառված, հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ։ Ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին»,–ասել է Գիլոյանը։

Նրա խոսքով` քննարկում են մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին` ասելով, որ պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Գիլոյանը նշել է, որ պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա:

Հիշեցնենք, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պատերազմի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։

--00--ԱՀ