Վանում անօրինականության մասին բարձրաձայնած քուրդ լրագրողները 15 տարով կազատազրկվեն

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

քուրդ լրագրող

Վանի դատախազությունը կալանավորել է քուրդ լրագրողներին, ովքեր առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Քրդական «Mezoptamya» և «Jinnews» լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը 2020թ․ հոկտեմբերի 9-ին լուրով անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։ Վերջիններիս զինվորականները ուղղաթիռ էին նստեցրել, իսկ հետո ցած նետել։ Արդյունքում ձերբակալվածներից մեկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ 20 օր կոմայի մեջ մնալուց հետո  մահացել էր։

Լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ․ նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։ Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Վանի ծանր հանցագործությունների դատարան։ Դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի մեղադրական եզրակացությունը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։

Մեղադրական եզրակացությամբ պնդվել է նաև, որ վերոնշյալ քրդալեզու հարթակների միջոցով քարոզվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը, ուստի պահանջվել է դադարեցնել այդ լրատվամիջոցների գործունեությունը։

--00--ԱԹ