2020-ին տեքստիլ ոլորտը 5% աճ է ապահովել ի հաշվի բժշկական դիմակների և զինվորական հագուստի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

տնտեսական

2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 32,1 մլրդ ՀՀ դրամի տեքստիլ արտադրանք (մանածագործական, հագուստի եւ կաշվե արտադրատեսակներ), ինչը 5%-ով  (30.5 մլրդ ՀՀ դրամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Տեքստիլ ոլորտը զբաղեցնում է ընդհանուր արդյունաբերության ընդամենը 1,55%-ը:  Համեմատության համար նշենք, որ սննդի արդյունաբերությունը կազմում է շուրջ 26,3% (545.0 մլրդ ՀՀ դրամ): 

Նոր կորոնավիրուսային համավարակի եւ պատերազմական գործողությունների պայմաններում տեքստիլ արտադրանքի աճը կարող է պայմանավորված լինել այս լորտում տնտեսական գործունեություն իրականացնող հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից դիմակների եւ բժշկական պարագաների, ինչպես նաեւ զինվորական հագուստի եւ ռազմական նշանակության այլ պարագաների զանգվածային արտադրությամբ։

Տեքստիլի ոլորտի աճը, պայմանավորված զուտ ներքին սպառմամբ, հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ 2020 թվականին Հայաստանից հագուստի արտահանումը կրճատվել է 37 մլն ԱՄՆ դոլարով կամ 22,3 տոկոսով՝ կազմելով 128,6 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ տեքստիլ արտադրանքի աճը հիմնականում սպառվել է Հայաստանում։ Բացի այդ, Հայաստանից մեծ քանակությամբ վերարտահանում ունենք։

Այսօր տեքստիլ ոլորտում գործունեություն են իրականացնում երկու տեսակի արտադրողներ՝ օտարերկրյա ընկերություններին կարի ծառայություններ մատուցողներ (Իտալիա, Գերմանիա) եւ սեփական արտադրանք արտադրողներ: Սեփական արտադրանք արտադրող ընկերությունները արտադրությունը տեղակայում են ինչպես խորհրդային ժամանակներից պահպանված գործարաններում, այնպես էլ նոր հիմնված արտադրամասերում: Վերջիններս հիմնականում իրենք են ներմուծում հումքը եւ մոդելավորում արտադրանքը: Միաժամանակ, նկատենք, որ տեքստիլ արդյունաբերությունը բավականին աշխատատար ոլորտ է, որտեղ ստեղծվում են աշխատատեղեր ոչ բարձր որակավորում ունեցող եւ համեմատաբար էժան աշխատուժի համար: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ նշված ոլորտում աշխատում են հիմնականում կանայք, ապա կարելի է եզրահանգել, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումը հիմք կարող է հանդիսանալ կանանց զբաղվածության եւ դրանից բխող մի շարք սոցիալ–տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:

--0--ԿԿ