Մինչև 2022-ի մարտի 1-ը Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի. հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ, հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Ըստ հայտարարության՝ ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 

Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է: 

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ:

Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան:

--00—ԼՄ