Արցախից տեղահանված 150 ընտանիք ԵՄ-ից ֆինանսավորվող ՔՈԱՖ-ի կողմից աջակցություն կստանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից իրականացվող «Հրատապ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակում 150 ընտանիք կստանա աջակցություն։

Ծրագրի արդյունքում, որի արժեքը կազմում է 60․000 եվրո, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի՝ ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած 150 տեղահանված ընտանիքների կտրամադրվեն առաջին անհրաժեշտության փաթեթներ, որ ներառում են սնունդ, հիգիենայի և բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ, իսկ 450 երեխա կստանա գրենական պիտույքներ։

Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան ֆինանսական ներդրման շնորհիվ ևս 35 երեխայի կտրամադրվեն պլանշետներ, իսկ 70 երեխա էլ կստանա գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ։ 150 ընտանիքների կմատուցվեն նաև սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իսկ երեխաներին՝ նաև լոգոպեդական ծառայություններ։

Փետրվարի 11-ին ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն այցելեցին ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակ, որտեղ և պատրաստվում էին փաթեթները, որոնք կբաշխվեն շահառու ընտանիքներին մինչ 2021թ․ փետրվարի վերջ։ «Մենք շատ արժևորում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ այս ինքնատիպ համագործակցությունը։ Առաջին անգամը չէ, որ համատեղ ջանքերով ճգնաժամի ենք արձագանքում։ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի դեմ պայքարում մեր շահառուներին սատարելու շուրջ արդյունավետ համագործակցությունից հետո այս անգամ էլ կանգնած ենք արցախցի մեր հայրենակիցների կողքին, որոնք ապաստան են գտել ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում»,- ընդգծեց ՔՈԱՖ-ի գլխավոր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

«Արագ արձագանքման մեխանիզմի շրջանակներում սա Եվրոպական միության երկրորդ համագործակցությունն է ՔՈԱՖ-ի հետ։ Հուսով եմ, որ մեզ հաջողվում է թեթևացնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց վիճակը, որոնք կորցրել են իրենց տները կամ որևէ կերպ տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Ինչպես միշտ, մեզ համար հաճելի է համագործակցել ՔՈԱՖ-ի հետ՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն»,- նշեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ծրագրի վերջնական նպատակն է արձագանքել տեղահանված ընտանիքների առաջնային ու անհետաձգելի կարիքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության լիազորված մարմինների հետ կիսվել այդօրինակ ընտանիքների հետագա կարիքների բավարարման շուրջ առաջարկություններով։ Ծրագիրն իրականացվում է՝ համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, և համակարգվում է մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ՝ նույնականացնելու Արցախից տեղահանված թիրախային ընտանիքներին և բացառելու դեպքերը, երբ միևնույն ընտանիքը կօգտվի աջակցությունից մի քանի անգամ։

--00—ԼՄ