Գիշերը Քաջարանի խանութներից մեկից գողացել են փող, հեռախոսներ, հուշանվերներ, լիցքավորիչներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Փետրվարի 12-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը մտել են Քաջարանի Աբովյան փողոցի խանութներից մեկն ու գողացել փող, բջջային հեռախոսներ, հուշանվերներ, լիցքավորիչներ և այլ աքսեսուարներ։ Խանութի սեփականատիրոջը պատճառվել է շուրջ 800 000 դրամի նյութական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Բացահայտման միջոցառումների շրջանակներում Կապանի ոստիկանները համագործակցեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ։ Արդյունքում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ՝ հանցագործությունը կատարած անձանց վերաբերյալ։

Իրավապահները ճշտեցին կասկածյալների ինքնությունը. Մասիսի՝ մեկ, և Քաջարանի երկու բնակիչներ էին։ Նրանք հայտնվեցին ոստիկանների տեսադաշտում։

Ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու մեջ կասկածվող Քաջարանի բնակչին բռնեցին գողոնի իր մասնաբաժինը Երևան ուղարկելիս։ Մյուս կասկածյալները նույնպես բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական բացատրություն։
Բերման ենթարկվածներից մեկի՝ քաջարանցի տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մյուս մասը։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ