ՀՀ-ի և Իրանի տնտեսության ոլորտի համագործակցությունը դեռևս բարձր մակարդակում չէ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։

Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, սակայն տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն բարձր մակարդակին, որին ձգտում են հասնել երկու պետությունները։

«Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման», – ասել է Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վերջերս Իրան կատարած այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում իրանական կողմն ընդգծել է շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու և արդյունավետ համագործակցելու ուղղությամբ, և այս հանդիպումը Իրանում ձեռքբերված պայմանավածությունների տրամաբանական շարունակությունն է։

Համակարծիք լինելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն՝ Ալի Վահդաթին հույս է հայտնել, որ առաջիկայում երկուստեք քայլեր կձեռնարկվեն առկա ներուժն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ։

Ընդգծելով, որ Հայաստանը կարող է հարմար կամուրջ հանդիսանալ իրանական արտադրանքը դեպի եվրասիական շուկա արտահանելու համար՝ Ալի Վահդաթին կարծիք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների։

Վահան Քերոբյանը հայտնել է էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու իրանական ընկերություններին՝ արդյունավետ գործունեություն ծավալելու Հայաստանում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել ձեռքբերված պայմանավորվածություններին գործնական ընթացք տալու համար։

 --00—ՄՀ