Արցախում որոնողական աշխատանքներ չեն կատարվում. եղանակը խանգարում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

․

Արցախում վերջին մարտական գործողությունների գոտում եղանակային վատ պայմանների պատճառով կրկին դադարեցվել են անհետ կորածների և զոհվածների աճյունների որոնումները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

«Եղանակային վատ պայմանների պատճառով այսօր նույնպես որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Ամենայն հավանականությամբ, դրանք կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից, երբ եղանակը կբարելավվի», - նշել է Թադեւոսյանը։

Որոնողական աշխատանքները չեն անցկացվում արդեն հինգ օր։

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1485 աճյուն։ Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

--00--ԱՀ