Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան․ այն իր արտահանման ծավալը կհասցնի 20 մլն $-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

նկար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և խնդիրներին։

160 անուն արտադրանք թողարկող և 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Նիդերլանդներ) ընկերությունը, որը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ իրացման ծավալներն ավելացրել է շուրջ 30%-ով, 2020 թվականին դժվարություններ է կրել և արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։ Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100,0 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։

Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021 թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը և քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6․0 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2024 թվականին արտահանման ծավալները նախատեսվում է հասցնել շուրջ 20․0 մլն ԱՄՆ դոլարի։

Գործարանն առաջիկայում նախատեսում է իրականացնել խոշոր ներդրումներ՝ արտադրական և պահեստային տարածքների ընդլայնման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Գործարանի գործունեությունը նպաստել է այգեգործության ու գործընկեր կազմակերպությունների՝ տպարանների, լոգիստիկ և շինարարական ընկերությունների զարգացմանը և դրանցում նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Վահան Քերոբյանը և գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են գործարանի զարգացման ծրագիրը։ Գործարանի տնօրենը նախարարին ներկայացրել է ծրագրի իրագործմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնցից մեկը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, և խնդրել նախարարության աջակցությունը։ Շեշտվել է նաև խորհրդատվական աջակցության անհրաժեշտությունը։

Ներկայացված խնդիրները կուսումնասիրվեն նախարարության կողմից և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

--00—ԼՄ