Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Thumbnail

Մոսկվայում քննարկվում է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը: Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը:

Աղբյուրի փոխանցմամբ շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Մոսկվայի երաժշտության միջազգային տանը Զամոսկվորեչիեում, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում: 

Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:

 

Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի Քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն, հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը:

 «Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով: Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- նշել է Արաբյանը: