Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության լուծում․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստին.

«44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել, և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում:

Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը:

Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը:

Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի վստահության միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը, մասնավորապես, արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։ Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այս ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»:

--00—ԼՄ