Վրաստանում, «պղպեղի գազ» կիրառելով, ձերբակալել են Սաակաշվիլիի կուսակցության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

«Sputnik Գրուզիան» գրում է, որ հատուկջոկատայիններն «պղպեղի գազ» են կիրառել Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում և ձերբակալել կուսակցության նախագահ Նիկա Մելիային։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ-ն վարչապետի հրաժարականից հետո կասեցրել էր Մելիային ձերբակալելու գործընթացը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը Գախարիայի փոխարեն առաջադրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը, որը երկուշաբթի ուշ երեկոյան նշանակվել էր վարչապետի պաշտոնում:

Աղբյուրը նաև հայտնում է, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցության նախագահ Մելիան մեղադրվում է 2019-ի ամռանը Թբիլիսիում հակառուսական ցույցի ժամանակ խորհրդարանի գրոհի կազմակերպման համար։

Դատարանը նրան սկզբում գրավով ազատ էր արձակել՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով, որը ընդդիմադիրն ավելի ուշ ցուցադրաբար հանել էր, ինչի համար նրա նկատմամբ նոր գրավ էին ընտրել: Մելիան հրաժարվել էր վճարել դրամական գրավը, որից հետո խորհրդարանը նրան զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ դրանով թույլատրելով ընդդիմադրի կալանավորումը: Փետրվարի 17-ին դատարանի ընդունած կալանքի մասին որոշումից հետո Մելիան փակվել էր իր կուսակցության գրասենյակում, դրսից նրան պահպանում էին մյուս ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ Մելիային չեն հանձնի ոստիկանությանը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական էր տվել Մելիայի հարցում թիմի հետ տարաձայնությունների պատճառով: Նա անընդունելի էր համարում ընդդիմադրի ձերբակալությունը, որը, նրա կարծիքով, կարող էր երկրում առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակի էսկալացիա առաջացնել:

--00—ԼՄ