Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 7-ին Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքի հայկական առաքելական եկեղեցում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ մատուցվեց պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։

Արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին (André Santini), Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև՝ Մարոնիտ եկեղեցու ներկայացուցիչը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և ֆրանսահայերին՝ դժվարին պահին առաջիններից մեկը օգնության հասնելու, համերաշխության ու աջակցության համար։

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագ և հոգեհանգստի արարողություններ տեղի ունեցան նաև Փարիզի Սուրբ Հովհաննես, Լիոնի Սուրբ Հովհաննես և Մարսելի Սուրբ Թարգմանչաց հայկական եկեղեցիներում: Դեկտեմբերի 8-ին հիշատակման միջոցառում տեղի ունեցավ նաև Փարիզի մերձակա Մեդոն քաղաքի քաղաքապետարանում։