Արցախում կիրականացվի կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Արցախ

ԱՀ աշխատանքի և սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք իրականացնել կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնց լուծումն առաջնահերթ է տվյալ անհատի ընտանիքում:

Մեր աշխատակիցները կունենան անվանաքարտեր, որոնց վրա գրված կլինեն վերջիններիս տվյալներն ու հետադարձ կապի միջոցը՝ հնարավորություն տալով հավաստիանալու, որ մասնակցում եք մեր կողմից իրականացվող ծրագրին:

Հարցումը կիրականացվի Արցախի բոլոր բնակավայրերի բնակիչների շրջանում՝ թույլ տալով երևան հանելու նաև այն խնդիրները, որոնք պայմանավորված են նաև կեցության համապատասխան վայրի առանձնահատկություններով:

Տեղեկացնում ենք նաև, որ ձեր անձնական տվյալները կմնան գաղտնի, իսկ այն խնդիրները, որոնք կբացահայտվեն հարցման արդյունքում, կօգնեն առաջիկայում մշակել Արցախի ազգաբնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանը միտված կոնկրետ ծրագրեր:

Ակնկալում ենք յուրաքանչյուրիդ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով կյանքի կոչելու Արցախն ու արցախցիներին սոցիալապես անխոցելի դարձնելու հերթական ծրագիրը»:

--00--ԱԹ