Ներողություն չեմ խնդրելու․ Ավանի փոխթաղապետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

փոխթաղապետ

Հերթական սկանդալի կենտրոնում հայտնված Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի նկատմամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին անպարկեշտ գրառում էր կատարել։ Պաշտոնյայի գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական տիրույթում, ինչից հետո  Ներսես Պողոսյանը գրառումը հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից։

Փոխթաղապետը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու է հեռացրել իր գրառումը. «Միայն կասեմ՝ ոչ, ներողություն չեմ պատրաստվում խնդրել»։

NEWS.am-ի հետ զրույցում Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն ասաց, որ ծառայողական քննությունը սկսվել է այսօր առավոտից. «Արդյունքների մասին կտեղեկանաք շատ արագ։ Այսօր առավոտվանից քաղաքապետարանի Վերահսկողության վարչությունն անցկացնում է ծառայողական քննություն։ Այդ ծառայողական քննությունը նշանակվել է քաղաքապետի կողմից»։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է իր տեղակալին ազատել աշխատանքից, Դանիելյանն ասաց. «Ես հիմա չեմ պատասխանի, կպատասխանեմ ծառայողական քննության ավարտից հետո»։

Հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում իր տեղակալի դրսեւորած այս վարքագիծը, Դանիելյանը պատասխանեց. «Դա համարում եմ լկտի պահվածք։ Ինչպե՞ս կարելի է նման պահվածքը նորմալ որակել»։

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ վարչական շրջանների ղեկավարների տեղակալներին ազատում եւ նշանակում է վարչական շրջանի ղեկավարը։

«Այսինքն՝ ազատման, տույժերի, կարգապահական ընթացքի հետ կապված վարչական շրջանի ղեկավարի իրավասությունն է»,- նշեց Կարապետյանը։

Հարցին՝ քաղաքային իշխանությունն ինչպե՞ս է վերաբերվում իրենց իշխանության ներկայացուցչի նման վարքագծին, խոսնակը պատասխանեց.

«Քաղաքային իշխանությունն անթույլատրելի է համարում հանրային խոսքում ագրեսիվ բառապաշարի կիրառումը, հանրային բանավեճում անձնական վիրավորանքների առավել եւս ատելության խոսքի տարածումը, որ կողմից էլ որ դա կիրառվի, դա ծայրահեղ անընդունելի է»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի փոխթաղապետը սկանդալի մեջ էր հայտնվել նաեւ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ։

 --00—ՄՀ