Իրանի հետ ավիացիոն գործարքի դեպքում ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

քաղաքական

Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների սանկցիաների տակ, և այդ սանկցիաներով նաև նախատեսված է, որ չի կարելի Իրանին վաճառել կամ փոխանցել որոշ տեսակի ապրանքներ, այդ թվում նաև օդանավեր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով տեղեկատվությունը, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։

Հիշեցնենք՝ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Այս հայտարարությանն անդրադարձել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և նշել, որ  նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

«Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:
Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,-ասված է հաղորդագրությունում։

Ամերիկագետը նշեց, որ արգելանքը հատկապես ամերիկյան արտադրության օդանավերի հետ է կապված, իսկ Boeing 737-ն ամերիկյան արտադրության է։

«Օբամայի վարչակազմի ժամանակ կողմերը համաձայնության եկան և որոշում կայացվեց, որ Իրանի նկատմամբ սանկցիաները հանվում են, և Իրանը կարող է ձեռք բերել տարբեր տեսակի ապրանքներ, որից հետո որպես առաջնահերթություն ընտրվեց ավիացիոն ոլորտը, որովհետև Իրանը ավիացիոն պարկը թարմացնելու կարիք ուներ»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, Իրանի այս նախապատվությունը խոսում է այն մասին, որ պետությունը նոր օդանավերի կարիք ունի։

«Պարզվեց, որ Հայաստանում գրանցված օդանավը մենք ինչ-որ ձևով փոխանցել կամ վաճառել ենք Իրանին, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեզ համար ապագայում։ Վերջիվերջո, Իրանը շարունակում է մնալ պատժամիջոցների ներքո։ Եթե իրոք պարզվի, որ նման գործարք եղել է, ապա Հայաստանը, կազմակերպությունները կամ անհատները նույնպես կարող են հայտնվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ»,-նշեց ամերիկագետը։

Սարգսյանի հավաստամամբ՝ եթե օդանավը պատահականության սկզբունքով է հայտնվել Իրանում, ապա դրա մասին ավիացիոն իշխանությունները միանգամից պետք է տեղեկացվեին, սակայն Քաղավիացիայի հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ մեր ավիացիոն իշխանությունը ոչնչից տեղյակ չէ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս