Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով․ ՊՊԾ-ի գրավման վճիռը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը։ Ըստ որոշման՝ խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, բայց, հաշվի առնելով 2 տարվա կալանքը, վերջնական պատիժ սահմանվեց 7 տարվա ազատազրկումը։

Խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը ազատազրկվեց 7 տարի 5 ամսվա ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս։

Վարուժան Ավետիսյանը ազատազրկվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետը։

Սմբատ Բարսեղյանն ազատազրկվեց 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով:

Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց և նա մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա ազատության մեջ:

Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ նա մահացել է:

Հիշեցնենք, որ նախատեսվում էր նաև համաներում, սակայն տուժողներն ավելի վաղ առարկել էին, և այն չգործեց:

ՊՊԾ գնդի գրավումը տեղի էր ունեցել 2017 թվականի հուլիսի 17-ին։ Գրավման ժամանակ մահացել էին ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Յուրի Տեփանոսյանը մահացել է դիպուկահարի կրակոցից, խմբի անդամները այդ մասով մեղադրանքները չեն ընդունում։

--00—ԼՄ