Խնդրում ենք՝ ներում շնորհեք մեր զինակցի մորը․ զինվորների բաց նամակը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Մի խումբ զինծառայողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին են դիմել: Նամակում ասվում է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, որոնք խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։

Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։

Ավելին, նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, եւ մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որեւէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։

Պարո՛ն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ՝ ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաեւ հանուն մեր երկրի, նաեւ այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։

Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։

Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017-ի սեպտեմբերին վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ 

Thumbnail