Ինչքա՞ն «իդիոտ» պետք է լինել, ուզում է ցույց տալ՝ Սերժ Սարգսյանի գնած զենքը վատն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս պահին Ազատության հրապարակում է։ Նա հանդիպել և զրուցել է քաղաքացիների հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հարցազրույցին և «Իսկանդերի» մասին հայտնի հայտարարությանը՝ կարծիք հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են։

«Կարծում եմ՝ եթե այս տղան մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն Ռուսաստանի, աշխարհի բոլոր երկրների հետ վատ հարաբերություն կունենանք»,-ասել է նա, ապա հավելել․ «Ինչ վերաբերում է «Իսկանդերի» մասին ասածին, մարդ կա՛մ պետք է լինի իդիոտ կա՛մ թշնամի, որ նման բան ասի: Ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ինքը այդ զենքից ոչինչ չի հասկանում:

Ես չեմ հասկանում՝ ինքը դիտավորյա՞լ արեց Ռուսաստանի դեմ, թե՞ ուղղակի իր սովորական ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր: Երևի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ նրա գնված զենքը վատն է»,-ասել է նա:

Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ ինքը, Դավիթ Շահնազարյանը և էլի շատերն ասում են, որ այս ամենն օտարի ծրագիր է, և այդ օտարի ծրագիրը հետևողականորեն կատարում է:

«Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում, զարմանում եմ, որ ինքը դարձավ վարչապետ, և զարմանում եմ, որ մինչև հիմա իրեն չեն քշել»,-ասել է Վազգեն Մանուկյանը:

Նա նաև մեղադրել է իրեն ու իր մյուս ընդդիմադիրներին, որ փաստաթղթի ստորագրման օրը չմիացան հանրությանը․ «Մեղավորություն եմ տեսնում և՛ իմ, և՛ քաղաքական գործիչների, որ չեկանք տեր չկանգնեցինք դրան։ Երկու օրում կարելի էր քշել և վերջացնել էդ ամեն ինչը։ Իսկ ինքը ինչու էր բունկերում պախկվել, որովհետև նույնիկս ինքն էր հասկանում՝ ի՞նչ պոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»։

--0--ԿԿ