«Իսկանդերի» նկատմամբ նման մեղադրանքը հարիր չէ վարչապետին, անգամ բարոյական չէ. Կովալյով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Thumbnail

Որքանո՞վ են արդարացված ռուսական «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավետության» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձել է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող Վլադիմիր Կովալյովը:

«Ռուսական «Իսկանդերների» անաշխատունակության մասին հայտարարելով` Փաշինյանը պետք է պատասխան տա իր խոսքերի համար: Հրթիռային համակարգերի նկատմամբ նման լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ հայտարարել, որ հարցի էությանը ծանոթ չէ, սա ՀՀ վարչապետին հարիր չէ, նույնիսկ բարոյական չէ: Իսկ «80-ականների զենք» լինելու մասին նրա հայտարարությունն արդեն դատարկախոսության նշան է: Ի՞նչ 80-ականների մասին է խոսքը, եթե նույնիսկ Ռուսական բանակը «Իսկանդերով» զինումն ավարտել է 2019-ի վերջին: Հայաստանն էլ արտահանման տարբերակով մի քանի այդպիսի համալիրներ ստացել է նույնիսկ ավելի վաղ, չէ՞ որ մենք դաշնակիցներ ենք»,- ասել է նա:

Կովալյովն ասել է, որ տասնյակ անգամներ այս համալիրի փորձարկումների ականատեսն է եղել, և չի հիշում մի դեպք, երբ այն չպայթեր: Իսկ որպեսզի նման բան տեղի ունենա, ըստ Կովալյովի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ների կրակելուց առաջ։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե «Իսկանդերները» միայն 10 տոկոսով են պայթել, Կովալյովը նշել է.

«Գիտե՞ք` ինչ մտածեցի այդ պահին. որ ՀՀ վարչապետն անհապաղ պետք է վերացնի իր անգրագիտությունը: Այո, լիկբեզ է պետք, նա, ըստ երևույթին, դպրոցում ծույլիկ է եղել կամ ականջի ծայրով լսել է, որ արտահանման տարբերակի «Իսկանդեր» -ի մարտագլխիկի կարողությունը 10% -ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից: Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ, և ծիծաղելի հայտարարություն արել` ասելով, որ ընդամենը 10 տոկոսով են պայթել հրթիռները»

 

--00--ԱԹ