Ես էն կարծիքին եմ, որ էս գյուղը մերոնց պետք չէ․ Շուշիի Մեծ Շենի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Մեծ Շեն

Պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացած Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի անվտանգության հարցերը չեն լուծվում, բնակիչները լքել են գյուղը, համայնքի ղեկավարը չի կարողանում Արցախի իշխանություններից պատասխան ստանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում Մեծ Շենին։

Lragir.am-ի հետ զրույցում գյուղապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, քանի որ այս պայմաններում այլևս չի կարողանում աշխատել։

«Գյուղի դպրոցը փակվել է, քանի որ աշակերտներ չկան, չեն վերադառնում մարդիկ։ Անվտանգությունը լրիվությամբ ապահովված չէ։ Մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում միջամտել՝ հարցին լուծում տալու համար, գյուղն ամեն ձևի անտեսված է։ Իշխանություններից ոչ մեկի հետ չեմ կարողանում ոչ հեռախոսով խոսել, ոչ էլ գնալ իրենց մոտ ընդունելության։ Անտարբեր վերաբերմունք է»,- նշել է Դավթյանը։

Հիշեցնենք, որ հայկական վերահսկողության տակ մնացած Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը նախորդ տարեվերջին հայտնվել էին ադրբեջանական շրջափակման մեջ, ադրբեջանցիները պահանջում էին, որ հայկական զորքերը հեռանային սահմանից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեծ Շենի բնակիչները լքել էին գյուղը։

Համայնքի ղեկավարը նշել է՝ ցավալին այն է, որ Արցախի իշխանությունները չեն ուզում խնդիրները լուծել։

«Կողքի գյուղում՝ Հին Շենում ռուսական խաղաղապահներ կան, մեր հայկական բանակն էլ կա, բայց Մեծ Շենում էդ հարցին ոչ մի ձևի չեն ուզում լուծում տալ, դրա համար բնակչությունը չի ուզում վերադառնալ»,- հավելել է նա։

Դավիթ Դավթյանը նշել է, որ ադրբեջանցիները գյուղի տարածքով երթևեկում են։ Եվ միշտ վտանգ գա, որ կարող են մտնել գյուղ, քանի որ անվտանգությունը ոչ մի տարբերակով չի ապահովվում։ «Ճանապարհով ռուսների հետ են գալիս-գնում, բայց ոտքի ճանապահով էլ են գալիս՝ անտառներով։ Գյուղամեջ չեն գալիս, բայց շրջակա տարածքներում մեկ-մեկ երևում են»,- նշել է նա։

Դավիթ Դավթյանը նշել է, որ մոտ երկու ամիս առաջ, երբ ադրբեջանցիները փակել էին գյուղի ճանապարհը, ինքը դիմել է բոլոր ատյաններին։

«Էն ժամանակ բոլորը իմ հետ կապի դուրս էին գալիս, իսկ հիմա իմ զանգերին ոչ մեկը չի պատասխանում, ոչ մեկ չի ընդունում ինձ, կարծես թե համակարեպվել են այս ամեն ինչի հետ։ Եվ էս գյուղը բախտի քմահաճույքին են թողել, սենց անտարբեր են, չգիտեմ՝ սրա վերջը ինչ ա լինելու։ Ես էն կարծիքին եմ, որ էս գյուղը մերոնց պետք չէ»,- ասել է համայնքի ղեկավարը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

--00--ԱԹ