Արա Սաղաթելյանին արգելվել է տեսակցել կնոջն ու երեխային. քննիչի որոշումն իրավաչափ չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Սաղաթելյան

ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք դնելու մասին քննիչի որոշումն իրավաչափ չէ, այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Տեսակցությունների արգելի մասին հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ` նշելով, որ նախօրեին այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող և «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արա Սաղաթելյանին, ճշտել նրա որպիսությունը, սակայն իր այցից հետո՝ քննիչի որոշմամբ, արգելվել է Արա Սաղաթելյանի որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ։

Փաստաբան Հակոբ Ենոքյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ քննիչի որոշումը դեռևս չի ստացել, սակայն միայն այն հանգամանքը, որ կնոջ և երեխայի հետ տեսակցություններն ու հեռախոսազանգերը ևս արգելվել են, արդեն խոսում է որոշման ոչ իրավաչափ լինելու մասին։ Ենոքյանը տեղեկացրեց, որ որոշումը ստանալուն պես կբողոքարկի այն։ Ինչ վերաբերում է Արա Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, ապա պաշտպանը Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։ Նա նախ ձերբակալվել էր, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորման համար։ Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։ Հատկանշական է, որ դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով, այն է՝ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ, նշել է, թե առկա է քննությանը խոչընդոտելու ռիսկը։

Պաշտպանը վերաքննիչ բողոքում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։

Ի դեպ, քրեական գործով իրականացվող ապօրինությունների մասին պաշտպանները բարձրաձայնել են դեռևս ձերբակալման օրը՝ դիմելով նաև ՄԻՊ-ին, որտեղից «Փաստինֆո»-ին հաստատել են, որ քրեական գործով ներգրավված փաստաբաններից ստացել են գրավոր դիմումներ, այցելել են գործով ձերբակալվածներին։ Այցի և հասցեագրված բողոքների հիման վրա գրություն է հասցեագրվել քրեական հետապնդման մարմնին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Նկատենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։

2020 թվականի պատերազմի առաջին օրերից եւս գտնվել է Արցախում եւ աջակցել միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ թուրքադրբեջանական տանդեմի հարձակման մանրամասները լուսաբանելիս։ Եւ հենց այդ օրերին, երբ իշխանությունները պատրաստվում էին կապիտուլյացիայի ակտն ստորագրել, 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանական քարոզիչները նրա դեմ սկսեցին սեւ քարոզչություն իրականացնել՝ զրպարտող բնույթի տեղեկություններ տարածելով։ Դրանք շատ արագ հերքվեցին, հարուցվեցին դատական գործեր, սակայն Նիկոլ Փաշինյանը խրախուսեց Արա Սաղաթելյանին զրպարտելու գործում առանձնակի ակտիվ դերակատարություն ցուցաբերած «ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանին՝ նրան նշանակելով կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այդպիսով ապացուցելով, որ հենց ինքն է կանգնած Արա Սաղաթելյանի դեմ հետապնդումների հետեւում։

Ինքը Արա Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իր անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում իրեն վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար ։

Փորձագիտական համայնքն արդեն հայտարարել է, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ նրան դիտարկելով որպես քաղբանտարկյալ։

 --00—ՄՀ